Ինչո՞ւ Թուրքիան հիմա ակտիվացրեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը. Վահե Դավթյան

Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություն հերթական հանրահավաքն են կազմակերպել և հնչեցրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու կոչեր։

Հայտարարությունն ընթերցել է Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը։

«Մենք կոչ ենք անում միջուկային հարցերով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը՝ փակե՛ք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի բախվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ճակատագրին։ Մեր երկրի համապատասխան կառույցները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այս էլեկտրակայանը փակելու համար։ Մեր պայքարը կշարունակվի՝ մինչև Մեծամորի ատոմակայանի փակումը»,- նշել է նա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, խոսելով թուրքական կողմի պահանջների դրդապատճառների մասին, նախ շեշտեց՝ Թուրքիան կրկին թեժացրել է հայկական ատոմակայանը փակելու թեման, որպեսզի նոր էներգաբլոկ չկառուցվի, ինչն անհրաժեշտ է սկսել հիմա, որպեսզի 10 տարի անց՝ 2036 թվականին, հնարավոր լինի ատոմակայանի շահագործումը շարունակել։

Կարդացեք նաև

«Հայկական ատոմակայանի դեմ արշավները սկսվել են դեռևս 1995 թվականից։ Այդ ժամանակվանից Թուրքիան և Ադրբեջանը ջանքեր չեն խնայում հայկական խաղաղ ատոմի զարգացումը խոչընդոտելու համար, հետևապես, օրեր առաջ՝ հունիսի 1-ին, տեղի ունեցած բողոքի ակցիան և հայկական ատոմակայանը փակելու կոչն ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական շահերի համատեքստում»,- ասաց Դավթյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, իսկ փաստ է այն, որ յուրաքաչյուր երկիր, որն իր տարածքում ունի ատոմակայան, ունի ռազմավարական բարձր կարգավիճակ։

«Մեծամորի ատոմակայանը ռիսկեր է պարունակում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Օրինակ՝ Թուրքիայի էներգետիկ դոկտրինում գրված է, որ մինչև 2030 թվականը Թուրքիան նախատեսում է զարգացնել էլեկտրաէներգիայի արտահանումն արտաքին շուկաներ, այսինքն՝ նաև Հարավային Կովկասի երկրներից՝ Հայաստան»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով՝ այդ դոկտրինի նպատակն է Հայաստանը դարձնել էներգետիկ առումով Թուրքիայից կախված մի երկիր, որն էներգիա արտահանելու փոխարեն՝ կդառնա էներգիա ներմուծող երկիր։

Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանը փակելու՝ ադրբեջանցիների պահանջին, ապա, ըստ Դավթյանի, այդ պահանջի պատճառն այն է, որ Ադրբեջանը նախատեսում է իր տարածքում կառուցել ատոմակայան, իսկ Ադրբեջանի այդ մեգանախագծի համար Հայաստանի ատոմակայանը խոչընդոտ է։

Խոսելով այս զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանության որդեգրած էներգետիկ քաղաքականության մասին՝ Վահե Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նրանք ընտրել են այնպիսի ռազմավարություն, որի վերջնարդյունքը կարող է բերել հայկական ատոմակայանի կոնսերվացման։

«Շեշտադրումը դրել են կանաչ էներգիայի վրա, մինչդեռ ակնհայտ է, որ դա ուղղված է ավանդական կոնվենցիոնալ հզորությունների կոնսերվցմանը. ավանդականն ատոմակայանն է։ Ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում ՀՀ այս իշխանությունը մնացել է 90-ականների տրամաբանության մեջ, որովհետև այսօր անգամ Եվրոպան խաղաղ ատոմը և բնական գազը ճանաչում է՝ որպես կանաչ էներգայի աղբյուր, և ատոմակայանը դիտարկում է՝ որպես էներգետիկ անվտանգության հիմնասյուն»,- խոսքը եզրափակեց էներգետիկ անվտանգության փորձագետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս