Եթե խնդիրն այն է, որ լրատվամիջոցներով երևա, որ Ռուբեն Հայրապետյանն իբր ապօրինի գույք ունի, էդ խնդիրն արդեն լուծվել է, պարզեք՝ բանկն ինչո՞ւ է կեղծ տվյալ տրամադրել. ՀՖՖ նախկին նախագահի գործով դատավորին բացարկ հայտնվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստը սկսվեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությամբ: Ուշացումով ստացված հաշվարկային ֆայլի լրացուցիչ տվյալներին ծանոթանալու ու հարցեր ձևակերպելու անհրաժեշտություն կար:

Հանրային մեղադրող Ռուզաննա Խուդավերդյանն առարկություն չուներ:

«Տարիներով ուսումնասիրություն է կատարվել, դժվար է մեկ շաբաթում ծանոթանալ դրանց տվյալներին»,- ասաց Հայրապետյանի մյուս ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը:

Կարդացեք նաև

Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ հետաձգելով միայն այսօրվա և ապրիլի 3-ի նիստերը: Այսօրվա նիստը կայացավ:

Այս նիստը սկսվեց նշված ֆայլի բովանդակության վերաբերյալ պաշտպանական կողմի՝ հանրային մեղադրողին ուղղված հարցերով:

Հաջորդիվ պաշտպան Վահագն Դալլաքյանը միջնորդեց տրամադրել իրենց հաշվարկային ֆայլը՝ բանաձևերով: Դատախազն առարկեց, ինչին պաշտպան Ամրամ Մակինյանն արձագանքեց՝ աշխատանքային ֆայլ է, և իրենք էլ իրավունք ունեն դրանով աշխատել:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն համարելով այն:

«Դատախազության կատարած հաշվարկների արժանահավատությունը կարող եք ստուգել»,- ասաց դատավոր Կարապետ  Բադալյանը, ինչին պաշտպան Վահագն Դալլաքյանը երկրորդեց՝ ուրեմն իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր դրանք ուսումնասիրելու համար:

«Ուստի ես միջնորդում եմ հետաձգել այսօրվա դատական նիստը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Դատարանը մերժեց հետաձգել նիստը՝ կասկած հայտնելով, որ կա իրավունքի չարաշահում:

Այնուհետև Վահագն Դալլաքյանն անդրադարձավ «Հայէկոնոմբանկից» տրված կեղծ տեղեկանքին, որի հետևանքով բավականին լուրջ գույքի ու եկամտի բռնագանձման խնդիր դարձել է ներկայացված հայցի առարկա:

«Ի՞նչ հիմքով եք «Հայէկոնոմբանկից» տված կեղծ քաղվածքի հիման վրա հայց ներկայացրել»,- հարցրեց Վահագն Դալլաքյանը դատախազին:

Հանրային մեղադրողի պատասխաններն անորոշ էին, և Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը միջնորդեց մինչև իր հարցի պատասխանի հստակ լինելը կասեցնել գործի վարույթը:

Մյուս պաշտպանը՝ Ամրամ Մակինյանը, պնդեց միջնորդությունը:

«Այս պրոցեսի անաչառությունը կասկածի տակ չդնելու համար դատախազությունը պետք է ինքը միջնորդի կասեցնել գործի քննությունը, պարզել՝ ոնց է եղել, որ բանկը այդ տեղեկատվությունը տրամադրել է, ապա նոր շարունակել: Խոսքը 5000 դրամի մասին չէ, այլ 4 միլիարդ դրամի, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող է ազդել ամբողջ գործի վրա: Հիմա հարգելի դատախազն ասում է՝ կապ չունի: Ի՞նչը կապ չունի:

1.5 տարի է՝ այս գործը քննվում է, ես էլ ներկայացուցիչ եմ, 1.5 տարի առաջ հաղորդում եմ ներկայացրել: Բա ձեզ հետաքրքիր չէ՞՝ բանկն ինչու է կեղծ տվյալ տրամադրել. Չար դիտավորությո՞ւն է, թե՞ անփութություն: Բա որ մեզ մոտ պատահականորեն օրիգինալ անդորրագրերը չպահպանվեին»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս հավելեց՝ եթե խնդիրն այն է, որ լրատվամիջոցներով երևա, որ Ռուբեն Հայրապետյանն իբր ապօրինի գույք ունի, էդ խնդիրն արդեն լուծվել է:

Դատարանը կրկին միջնորդությունը թողեց առանց քննարկման, ինչից հետո Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը բացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին:

Վերջինս թվարկեց հանգամանքներ, որոնց հիմքով՝ դատավորի մոտ կարող է ձևավորված լինել բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Պարզվեց՝ ժամանակին Ռուբեն Հայրապետյանն ու Կարապետ Բադալյանի զոքանչը՝ Հրանուշ Խառատյանը, դատական վեճ են ունեցել, և այդ քաղաքացիական վեճի ժամանակ Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը եղել է այսօր արդեն այս գործով նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը, և էմոցիոնալ ֆոնը կարող է ազդել դատավորի անաչառության վրա:

Հանրային մեղադրող Խուդավերդյանն ասաց՝ մինչ այս պահը չի նկատել, որ դատավորը կողմնակալ է:

Դատավոր Բադալյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ի սկզբանե բացարկ իրեն չի ներկայացվել:

«Դատավարության առաջին նիստերի ժամանակ տեղյակ չեմ եղել այդ հանգամանքից, հետո եմ իմացել»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Դատավոր Կարապետ Բադալյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ կրկին վկայաբերելով իրավունքի չարաշահման հանգամանքը:

«Ձեր դիրքորոշումն առհասարակ, նաև մեր միջնորդությունն առանց քննության թողնելու դեպքով մի մեծ սեպ խրեց այս գործի քննության մեջ: Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ անձնական առնչություն եք ունեցել, ու սա փաստ է»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչները շարունակեցին հարցեր ուղղել հանրային մեղադրողին, ինչից հետո դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձել  Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ. հոկտեմբերին ներդրված 6 մլն 897.30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ. սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Յունիբանկ»-ում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523.641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58.104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710.903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898.520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն 394.375 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 96.375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318.393 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 74 մլն 119.266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702.500 դրա չվերադարձված մասից՝ 83 մլն 568.580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74.606 չվերադարձված մասից՝ 193 մլն 829.510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930