
Պարզվել է Ծաղկաձորում կվադրոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով մահացած և վիրավորում ստացած անչափահաս աղջիկների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։
Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։
Կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա․ Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։