
Ջերմուկի վերաբերյալ արդեն համաձայնեցված տեքստը Հայաստանը հրաժարվեց ստորագրել, հետո Պրահայում ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս. դա անսպասելի էր. Լավրով
ՀԱՊԿ շրջանակում համապատասխան արձագանք եղել է, երբ 2022 թ. տեղի ունեցան Ջերմուկի դեպքերը։ Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ, երբ Ադրբեջանը 2022 թ. հարձակվեց ՀՀ տարածքի վրա ու օկուպացրեց Ջերմուկից հատվածներ, նա պատասխանեց.
«Չգիտեմ` ինչ նկատի ունեք համապատասխան արձագանք ասելով, քանի որ արձագանքը, որը պետք է լիներ ՀՀ-ի նկատմամբ, մասնավորապես` ՀԱՊԿ-ում մեր պարտավորության շրջանակում, այդ արձագանքը եղել է այն, որ ՀԱՊԿ արագ արձագանքման խումբն այդ օրերին եկել էր Հայաստան, օպերատիվ ներկայացրել զեկույց` կոնկրետ, գործնական առաջարկություններով` Ջերմուկ ուղարակելու համար ՀԱՊԿ դիտորդներ` կարգավորելու համար իրավիճակը»։
Նա պատմեց, որ հայկական կողմին ներկայացվել էր, թե քանի ՀԱՊԿ դիտորդ պետք է գա և որքան զինամթերքով՝ տեղեկացնելով, որ այդ զեկույցը քննարկվել է 2022 թ. հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Այդ տեքստի վրա աշխատել են ՀՀ և ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Աշխատել են երկար և հենց իրենք էլ խմբագրել են տեքստը, որ կազմել էր ՀԱՊԿ–ը։ Հասել էինք ամբողջ տեքստի կոնսենսուսի, ու այն առավոտյան ներկայացվեց երկու երկրների ղեկավարների քննարկմանը, սակայն հայկական կողմը առաջարկեց հետաձգել այն։ Մենք համաձայնեցինք։ Ավելի ուշ` նոյեմբերին, արդեն իսկ հայտարարվեց ԵՄ առաքելության մասին և Պրահայում հայտարարվեց, թե ում է պատկանում ԼՂ–ն ու խոսվեց 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի մասին»,- նշեց Լավրովը։
Նրա խոսքով` այս իրադարձություններն անկանկալ էին ՌԴ համար, քանի որ 2020 թ. նոյեմբերին պատերազմական գործողությունների թեժ պահին երեք երկրների ղեկավարները տեքստ էին կազմել պատերազմի դադարեցման մասին։
«Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելությունը գիտակցաբար չակերտների մեջ էր թողնված. դա ջենթլմենական համաձայնություն էր, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը թողնված էր երկու երկրների ղեկավարների հետագա փոխհամաձայնեցման վրա»,- նշեց Լավրովը։
Նրա դիտարկմամբ՝ քննադատել միշտ կարելի է, սակայն չի քննադատվում նա, ով ոչինչ չի անում, իսկ ռուսական կողմն ամեն կերպ ջանացել է։
Արարատ Միրզոյանը նույնպես պատասխանեց հարցին` նշելով, որ երկու երկրները բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում, միասնական ընկալում, միաժամանակ ունեն հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։
«Սա այդ հարցերից մեկն է։ Սյունիքի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է ու անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը հետագա զարգացումների դիրքորոշումների համար, այդ թվում` ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա պատմեց իրադարձությունների իր տարբերակը` նշելով, որ 2022 թ. օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին` վստահաբար բարի մտադրություններից ելնելով։
«Հայկական կողմն իր աջակցությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը դրական դիրքորոշում չտվեց։ Օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ միասնական դիրքորոշում չկա այս հարցում, և արդեն սեպտեմբերին մենք տեսանք Ադրբեջանի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ ու ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ Մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին, մանսավորապես ՌԴ-ին և ՀԱՊԿ շրջանակում մյուս դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք հետևեցին, գոհացուցիչ չէին ՀՀ-ի համար»,- նշեց Միրզոյանը։
Նա ավելացրեց, որ հաջորդ ամիս Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպումը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։
Միրզոյանը նշեց, որ Ռուսաստանը բարձր մակարդակով ընդգծել է ԼՂ պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, և ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։