Հայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.am

Հայաստանի պետական գերատեսչություններն առայժմ որևէ առարկայական արդյունք չեն արձանագրել Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի հնարավոր գնման գործընթացում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված պատասխանը:

Նշենք, որ այս տարվա մարտի 26-ին Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարել էր, որ Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ դրական արձագանք է ստացել Աշգաբաթի կողմից:

«Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել»,-նշել էր Թումանյանը:

Այս առիթով NEWS.am-ը կառավարությունից հետաքրքվել էր, թե որքա՞ն գումար է թուրքմենական կողմը առաջարկում վճարել Հայաստանին մեկ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց, և ի՞նչ նպատակով է Թուրքմենստանից էլեկտրաէներգիա գնվելու՝ ՀՀ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու՞, արտահանման, թե՞ այլ:

Հիշյալ հարցերի առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պատասխանել է հետևյալը.

«ՀՀ պատկան մարմինները տարիներ ի վեր տարբեր ձևաչափերով քննարկումներ են ունեցել թուրքմենական կողմի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերի շուրջ: Որևէ առարկայական արդյունքի դեպքում ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»:

Նշենք, որ Թուրքմենստանը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները՝ դառնալով տարածաշրջանի կարևոր էներգետիկ մատակարարներից մեկը։ Ներկայումս Թուրքմենստանը էլեկտրաէներգիա է վաճառում Աֆղանստանին, Իրանին, Ուզբեկստանին և Ղրղզստանին (Ուզբեկստանի միջոցով): Աշգաբադը հետաքրքրված է նաև Կովկասի (Իրանի միջոցով) և Հարավային Ասիայի (Աֆղանստանի միջոցով) շուկաներով։

Տեսանյութեր

Լրահոս