Բաժիններ՝

Իսրայելը գնալով ավելի է մտահոգվում Միացյալ Նահանգների և Իրան միջև միջուկային համաձայնագրի հնարավոր կնքմամբ. NBC News

Իսրայելը օրեցօր ավելի է մտահոգվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արագ կհասնի Իրանի հետ միջուկային համաձայնագրի, և որ արաբ առաջնորդները կազդեն նախագահի մտածողության վրա, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև դինամիկային ծանոթ աղբյուրին։

«Այցելությունը ոչ այնքան մեծացրեց Թրամփի և Նեթանյահուի միջև եղած հեռավորությունը, որքան բացահայտեց այն», -նշել է աղբյուրը։

Միևնույն ժամանակ, լրագրողների հետ զրույցում Թրամփը հերքել է այն տեսակետը, ըստ որի իր ուղևորությունը մարգինալացրել է տարածաշրջանում Ամերիկայի ամենամոտ դաշնակից Իսրայելին։

Չորեքշաբթի նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և արաբ առաջնորդների միջև ամուր հարաբերություններն «անչափ օգտակար են Իսրայելի համար»։

Մերձավոր Արևելքում չորս գլխապտույտ օրերի բանակցությունների ընթացքում արաբ առաջնորդները Թրամփին ցույց են տվել շոշափելի տնտեսական օգուտներ ապահովելու իրենց կարողությունը, որը Թրամփը կարող է ցույց տալ արտերկրում՝ իբրև ամերիկացիների համար օգտակար բան: Արաբ առաջնորդները Թրամփին նաև ջերմ ընդունելություն են ցույց տվել, մի բան, որն արձագանք է գտնում ԱՄՆ նախագահի սրտում։

«Նրանց կատարած աշխատանքը համեմատաբար կարճ ժամանակահատվածում պարզապես ակնառու է։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Հիանալի առաջնորդներ։ Երեք հիանալի առաջնորդներ, – ուրբաթ օրը Վաշինգտոն վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թրամփը։ – Եվ մեր երկրի նկատմամբ ցուցաբերված հարգանքը անհավանական էր։ Որովհետև նրանք ոչ մեկին այդպես չեն վերաբերվում»։

Ի տարբերություն դրա, Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հիմնականում կենտրոնացած են եղել ազգային անվտանգության հարցերի վրա՝ Իրանից մինչև Գազայի պատերազմ և Սիրիայում փոփոխվող դինամիկա։ Առայսօր Իսրայելը մեծ մասամբ թաքցրել է այս մտահոգությունները, ինչը չէր անում նախորդ նախագահների, մասնավորապես՝ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի օրոք, չնայած նրանք խոստացել էին պաշտպանել Ամերիկայի «անխզելի կապը» Իսրայելի հետ։ Եվ ԱՄՆ-ն շարունակում է վճռականորեն աջակցել Իսրայելին, քանի որ Թրամփը ռազմական սարքավորումներ է ուղարկում, որոնց մատակարարումը կասեցրել էր Բայդենի վարչակազմը։

Հայտարարության մեջ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը Թրամփին անվանել է Իսրայելի պատմության մեջ ամենահավատարիմ դաշնակիցը։

«Իսրայելն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի ունեցել ավելի լավ բարեկամ, քան նախագահ Թրամփը, -ասել է Հյուիթը։ -Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր դաշնակից Իսրայելի հետ՝ ապահովելու համար Գազայում մնացած պատանդների ազատ արձակումը, ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա, և ամրապնդելու համար տարածաշրջանային անվտանգությունը Մերձավոր Արևելքում»։

«Ինչպես նա բազմիցս հայտարարել է իր առաջին և երկրորդ ժամկետների ընթացքում, նախագահը հանձնառու է ապահովելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա», – շեշտել է Հյուիթը։

Ինչ վերաբերում է Թրամփի և Նեթանյահուի միջև հարաբերությունների ապագային, ԱՄՆ նախագահի դաշնակիցներից մեկը նշել է, որ արաբ առաջնորդների հետ կապերի խորացումը, վերջին հաշվով, կպաշտպանի Իսրայելին՝ ԱՄՆ-ի հետ նրա սերտ հարաբերությունների շնորհիվ։

Միևնույն ժամանակ, դաշնակիցը նշել է Թրամփին բնորոշ անկանխատեսելիությունը՝ ընդգծելով. «Թրամփն անում է այն, ինչ անում է Թրամփը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս