
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը։
«Գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, գործը քննող դատարանի որոշմամբ, փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։