
Երևանի և Բաքվի միջև ի՞նչ շփումների ու լավատեսության մասին են ակնարկում Միրզոյանն ու Բայրամովը

Մինչ վերջին օրերին փորձագիտական հանրությունը քննարկում էր Մոսկվայում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներն ու դրա շուրջ իրադարձությունները, ինչպես նաև հետևում իրադարձություններին, որոնք զարգանում են Հարավային Ասիայում Պակիստանի ու Հնդկաստանի միջև աշխարհաքաղաքական այլ լարված օջախներին զուգահեռ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ուշագրավ հայտարարություններով հանդես եկան։
ՀՀ ԱԳ նախարարը նախօրեին նշեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Նա մասնավորապես ասաց, թե ամեն ինչ ասված է, ըստ էության, ավելացնելու, կամ թարմացնելու տեղեկատվություն այս պահին ոչինչ չկա:
«Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»,- մանրամասնել էր Արարատ Միրզոյանը։
Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, թե Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից» և հավելել, որ շփումներ կան հայկական կողմի հետ: Ըստ նրա՝ խաղաղ գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:
Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակվում են երկու երկրների փոխվարչապետների նախագահությամբ գործող հանձնաժողովների մակարդակով։ «Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցում հայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կլինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն այս ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: Բացի այդ, Ադրբեջանը համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո սկսեց սրել իրավիճակը սահմանին, հրադադարի խախտումների հարցում մեղադրանքներ ուղղելով հայկական կողմին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարների դիտարկումներից կարելի է ենթադրել, որ կան շփման որոշակի խողովակներ կողմերի միջև, բացի այն հանդիպումներից, որոնք տեղի են ունենում նախարարների մակարդակով կամ հայ-ադրբեջանական համապատասխան հանձնաժողովների միջև։ Տարասովը հիշեցրեց, որ նախարարների միջև վերջին շփումը կայացել էր մոտավորապես մեկ ամիս առաջ Անթալիայի Դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Սակայն այդ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ կողմերը որևէ առաջընթաց չեն արձանագրել տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։ Կողմերը հայտարարություններ էին տարածել, որոնք արձանագրում էին, որ չկա փոխըմբռնում։ Սակայն, ինչպես գիտենք, այնուամենայնիվ կողմերի միջև առաջարկների, փաթեթների փոխանակում է ընթանում։ Բացի այդ, սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, ուստի կողմերը գուցե սա նկատի ունեն, երբ խոսում են այն մասին, որ շփումներ կան։ Բայց շփումները ոչ միշտ են առաջընթացի նշան, դրանք կարող են առաջընթացի հույս ներշնչել։ Ներկայումս այս արձագանքները ցույց են տալիս, որ կողմերը միմյանցից ունեն որոշակի ակնկալիքներ։ Այս դեպքում Երևանն ակնկալում է համաձայնագրի ստորագրում, իսկ Բաքուն՝ պահանջների կատարում, ինչպես հերթական անգամ ցույց տվեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այս վերջին մեկնաբանությունները»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ այդ ակնկալիքներն ակնկալիքներ էլ կմնան և չեն վերաճի մեծ համաձայնության։ Վերլուծաբանը կողմերի միջև մեծ համաձայնության հիմքեր չի տեսնում։
Տարասովը կարծում է, որ Հարավային Կովկասում որքան էլ իրավիճակը բարդ է, չկան վերջնական խաղաղության համար լուրջ հիմքեր, սակայն չկա նաև իրավիճակի լուրջ բռնկման աշխարհաքաղաքական ռեսուրս։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Հնդկաստանի ու Պակիստանի միջև, Հնդկաստանը Պակիստանին Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության պատճառով սկսում է որոշակի փոքր սանկցիաներ կիրառել, իրավիճակը վերջին օրերին էլ ավելի է լարվել Հնդկաստանի ու Պակիստանի միջև, սա չի կարող չմտահոգել Ադրբեջանին, քանի որ այս հակամարտությունում Ադրբեջանն Իսրայելի հետ հայտնվել է հակառակ ճամբարներում, բացի այդ՝ Հնդկաստանը նաև իսրայելական ռազմական միջոցներ է օգտագործում, իսկ Պակիստանը՝ թուրքական։ Որքան էլ որ հաճախ նշում ենք, որ Ադրբեջանը ճկուն դիվանագիտություն է վարում, այս հակամարտությունում իրավիճակը բավականին բարդ է Ադրբեջանի համար։ Խնդրահարույց է շարունակում մնալ նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների հարցն Ադրբեջանի համար։
Ինչպես տեսանք, Իսրայելի վարչապետը հետաձգեց այցն Ադրբեջան, Ադրբեջանի միջնորդական ջանքերն Իսրայելի ու Թուրքիայի միջև սիրիական իրավիճակի շուրջ չեն հաջողվում։ Սրանք բավականին լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ են Ադրբեջանի համար, Ադրբեջանն այս ուղղությունների վրա է կենտրոնանալու այս փուլում, ամենայն հավանականությամբ»,- ասաց վերլուծաբանը՝ արձանագրելով նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում փոխըմբռնման պակաս։
Նրա կարծիքով, Կարմիր հրապարակից Ալիևի բացակայությունը ցույց տվեց, որ խնդիրները հարթված չեն։
«Ուստի Հարավային Կովկասում, չեմ կարծում, թե կողմերն անմիջապես կստորագրեն բանակցված փաստաթուղթը, բայց լայնածավալ բռնկում տեղի չի ունենա, իսկ լարումներ, իհարկե, հնարավոր են, ինչպես հակամարտության ողջ պատմության ընթացքում։ Այսինքն՝ ստատուս-քվոն շարունակվելու է»,- ասաց Տարասովը։