
Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», – նշվել է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։
Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։
Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
«Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», – հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։