
Կրեմլը հիշեցրել է Հաղթանակի օրվա առթիվ հրադադարի մասին՝ չնայած ԱԹՍ-ների վերջին հարվածներին

Ռուսաստանի կողմից Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը ուժի մեջ է մնում՝ չնայած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ՌԴ մարզերի վրա գիշերն իրականացված հարձակմանը։
Ինչպես տեղեկանում ենք ՌԲԿ պարբերականից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տոների ընթացքում հրադադարի նախաձեռնությունն ուժի մեջ է, և համապատասխան հրահանգները տրվել են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Այստեղ ես կցանկանայի հիշեցնել մեր դիրքորոշումը. կրակը կդադարի, բայց եթե Կիևի վարչակարգի կողմից դա փոխադարձ չլինի, ապա անմիջապես կտրվի համարժեք պատասխան», – ասել է Պեսկովն՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք գիշերվա հարձակումը խոչընդոտ չի դառնա հրադադարի համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 6-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 105 անօդաչու թռչող սարք։ Հարձակման է ենթարկվել տասնմեկ մարզ, այդ թվում՝ Մոսկվան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարել էր մայիսի 8-11-ը եռօրյա հրադադարի մասին՝ շեշտելով, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ՌԴ զինված ուժերն «արդյունավետ պատասխան կտան»։