«Մի հատ հասկանանք` հանձնաժողովն իր պարտականությունն ինչի՞ չի անում». փաստաբան

«Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններից հետո ընտրվեց համայնքի ղեկավար, և կարծես թե աշխատանքը պետք է ընթանար բնականոն հունով։ Չնայած կային կանխատեսումներ, որ իշխանությունն ապօրինի կերպով կփորձի մանդատները գողանալ ընդդիմադիրներից, որպեսզի Գյումրիում էլ զավթի իշխանությունը։ Դրա ծիծեռնակները կարծես թե կան»,- այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Մանրամասնելով՝ նա նշեց, որ ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը, ով 6 հոգանոց խմբակցության մեջ է եղել՝ իր լիազորությունները ստանձնած, ապրիլի 21-ին համայնքապետին հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը կազմում է արձանագրություն, որ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցված են։ Հաջորդ օրը համայնքի ղեկավարը գրություն է ուղարկում ընտրատարածքային հանձնաժողովին։ Դրանից 2 օր հետո Կարեն Բադալյանը նոր դիմում է ուղարկում համայնքապետին՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ ասելով, որ հրաժարվում է իր առաջին դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարել, բայց  լքել «Իմ քաղաքը» դաշինքը և դառնալ ավագանու անկախ անդամ»,- շեշտեց Սոս Հակոբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Կարեն Բադալյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որով ֆիքսվել է իր հրաժարականը։

Կարդացեք նաև

«Մենք ունենք հարուստ վանաձորյան փորձը, որտեղ դատարաններն ինչեր ասես, որ չեն արել, որոնք կապ չունեն իրավունքի հետ, ուստի կա մտավախություն, որ կփորձեն դատարանի որոշմամբ այս գործընթացն անվերջ ձգձգել։

Հիմա ընտրատարածքային հանձնաժողովը պետք է արձանագրություն կազմի, որ տվյալ անձի լիազորությունները դադարեցվել են, որպեսզի մենք կարողանանք զբաղվել մյուս հարցերով։ Հիմա պետք է պարզաբանում ստանանք, ինչո՞ւ հանձնաժողովն իր լիազորւթյունները չի կատարել, գնանք, հասկանանք՝ ինչ է»,- ընդգծեց Սոս Հակոբյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս