«Իմպիչմենտի անպայման պետք է գնան, այլ ճանապարհ չկա. սա ավելի լավ է, քան պասիվությունը». Մեխակ Մխիթարյան

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին անհատական նամակներ ուղարկվեցին՝ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով։ Շարժման մասնակիցները՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, պատգամավորներին ուղղված նամակներն անձամբ գցեցին ԱԺ նամակների արկղի մեջ։

Նախաձեռնած գործընթացի վերաբերյալ մեծ քննարկում է ծավալվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից, այսօր էլ խմբակցության անունից պաշտոնական հայտարարություն է տարածվել։

««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»,- նշված է հայտարարության մեջ։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանի խոսքով՝ իմպիչմենտի գործընթացն իշխանափոխության գործիքներից մեկն է, թերևս, ամենահիմնականը։

Կարդացեք նաև

«Ընդդիմությունը մտածում է, որ գործընթացի ձախողման դեպքում ժողովուրդը կարող է իր վստահությունն ընդիմության նկատմամբ կորցնի և ապագա ընտրություններում դա ցույց տա։ Բայց այդպես չէ, ամբողջ Հանրապետությունում ժողովրդի բացասական վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ շատ ավելի մեծ է։ Այս հանգամանքը պետք է ստիպի ընդդիմությանն առաջ գնալու։ Իհարկե, մտավախություններ կարող են լինել, բայց պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Ինքս էլ տատանվում էի, բայց այժմ հակումը դեպի իմպիչմենտի ճանապարհով գնալու տարբերակն է։

Կարծում եմ՝ եթե ընդդիմությունը չգնա իմպիչմենտ իրականացնելու ճանապարհով, ապա շատ հնարավոր է՝ ժողովրդի շրջանում կորցնի իր նկատմամբ վստահությունը, պետք է գնալ, նույնիսկ իմանալով, որ այդ ճանապարհին կարող է և հաջողություններ չունենան»,- 168.am հետ զրույցում նշեց Մեխակ Մխիթարյանը։

Նրա կարծիքով՝ ՔՊ-ական պատգամավորները դժվար թե կողմ լինեն Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին, հատկապես որ, վերջին 7 տարիների ընթացքում ՔՊ-ի ներսում են «դաստիարակվել»։ Նաև նրանց մոտ աշխատում է  ինքնապաշտպանական բնազդը։ Թեպետ չի բացառվում, որ ծպտյալ մի քանի հոգի դեմ լինեն։

«Փաստորեն իմպիչմենտի անպայման պետք է գնան, այլ ճանապարհ չկա՝ մտավախությունները հաղթահարած գնան։ Սա ավելի լավ է, քան պասիվությունն ու սպասելը, ժողովրդի կողմից ինչ-որ վստահության ակնկալիքը, սա չի լինելու։ Պետք է գնալ ու համոզվել։

Իմպիչմենտի գործընթացը ենթադրում է նաև վարչապետի թեկնածուի առաջադրում, այդ թեկնածուի առաջադրումը մեծ ռիսկեր է պարունակում։ Ահա այս հանգամանքն է, որ կարող է ունենալ ոչ միասնական տեսակետ ընդդիմության ներսում։ Դրա համար պետք է այս էտապում գեներացվի ըմբոստություն ու անվստահություն, քան թե ներկայացնել վարչապետի թեկնածու, որը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Ըստ իս, վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում չպետք է անեն, որպեսզի չփչացնեն ամբողջ գործընթացի էֆեկտը»,- հավելեց Մեխակ Մխիթարյանը։

ԳԽ նախկին պատգամավորը չի տեսնում, որ դժգոհող մասսան զանգվածաբար ցույց տա իր դժգոհություններն իշխանություններին, այդ ամենը տեղի է ունենում հատվածական։

«Այդ դժգոհությունները պետք է տեղային բորբոքումներ ունենան, միանան բոլորին ու բերեն-դնեն, այսպես ասած՝ մեկ հունի մեջ։ Բայց այս պահին ես սա չեմ տեսնում։ Թեպետ այս հատվածական բողոքներն էլ կարող են ցուցիչ լինել, որ մարդկանց մեջ հասունացել է ըմբոստությունը։ Չեմ բացառում, որ մի փոքր էպիզոդ հնարավոր է դառնա ըմբոստությունները միավորող հանգամանք, և ժողովուրդը կանգնի դրա շուրջ։

Սակայն ես այս պահին չեմ տեսնում գաղափար, որի շուրջ ժողովուրդը կարող է միավորվել։ 7 տարիների ընթացքում չտեսա այդ գաղափարը, ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես Արցախի թեման կարող էր ժողովրդի շրջանում այդքան անտարբեր ընկալվել։ Չկա անհատ, որի շուրջ կարող են հավաքվել, այս տարիների ընթացքում փորձեր եղան, բայց տեսանք, որ արդյունք չեղավ»,- ընդգծեց Մ. Մխիթարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս