
«Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նիկոլ և մյուս ՔՊ-ականներ». Հուսիկ Արա
Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Հայաստանում քաղաքացու կյանքն արդեն ֆիզիկապես վտանգված է:
«Սա ահավոր ահազանգ է. սեփական երկրում քաղաքացու կյանքը վտանգված է: Թվում է՝ ծեծկռտուք է, և այլն, բայց սա ահազանգ է, որ այդ նույն սպառնալիքը ցանկացած մեկի հետ կարող է պատահել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց նա:
Երեկ Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանն աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկանում էր հանդիպել Մասիվի թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցները նախ արգելեցին, նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, ծեծկռտուքին միացավ նաև հայհոյող թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ոստիկաններն էլ բերման ենթարկեցին ծեծի ենթարկված ակտիվիստին, որը հետո նա հոսպիտալացվեց: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ թաղապետի արարքից հետո կուսակցությունը հայտարարել էր, թե Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն «ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը»։
Հուսիկ Արան նկատեց՝ եթե մարդը ասում է՝ մանկապարտեզն անորակ եք սարքել, դա նշանակում է՝ խարխլե՞լ անկախությունը. «Այնքան ծիծաղելի էր այդ հայտարարությունը, իրենց մակարդակով են, էլի, արել, այնտեղ բոլորը հարդուկած ուղեղներով են: Սեփական քաղաքացիներին խոշտանգում եք, և հենց դա եմ ասում, որ քաղաքացու կյանքը վտանգված է Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն էլ շրջանառվող և ավանդույթ դարձրեց, որ մեղավորը զոհն է: Ըստ Փաշինյանի՝ 1915թ. Ցեղասպանության մեղավորը զոհն էր՝ մենք էինք, իր խոսքերն այդ մասին են, թեպետ ասում են՝ ուղղակի չի ժխտել: Նույնը այստեղ է՝ բերման ենթարկվեց Չախոյանը, ով ծեծի էր ենթարկվել: Դահիճը մնում է անպատիժ, մեղավորը զոհն է. նույն տրամաբանությունն է: Դա վայրենի մոտեցում է, մարդկային չէ, վայրի մոտեցում է: Իրենք իրենց պահում են վայրենու պես»:
Բանաստեղծն անդրադարձավ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ պրոիշխանական շրջանակների կողմից գեներացվող ատելությանը՝ շեշտելով, որ փորձում են այնպես անել, որ նրանք Հայաստանն էլ լքեն.
«10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ 120 հազար արցախցիները քանի՞ օր պետք է կռվեին, հատկապես, երբ Փաշինյանն ասաց՝ չենք խառնվում: Քո հայրենակիցն այնտեղ զոհվում է, դու պիղատոսաբար ասում ես՝ ձեռքերս լվանում եմ: Դրանց նպատակն էր, որ բոլոր արցախցիները զոհվեի՞ն, չէ՞ որ բոլորը զոհվելու էին: Ես էլ այդ օրերին կոչ եմ արել, որ դուրս գան. հետո հնարավորություն կստեղծվի, որ նրանք վերադառնան: Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն, Արցախի հարցը փակված չէ, Արցախի խնդիրը լուծված չէ, դու կարող ես միջազգային ամբիոններից հարցը բարձրացնել և արցախահայության վերադարձի խնդիրը լուծել: Արցախցին միշտ կռվել է. այդ թվում, չմոռանանք, որ մեր ազգի հպարտություն 5 մարշալներն Արցախից են:
Չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել, բայց Սարդարապատի ժամանակ Արցախի գունդը մեծ դեր է կատարել: Սարդարապատում արցախցին փրկեց երևանցուն, բայց երևանցին չփրկեց արցախցուն 2023թ.: Եթե այդպես ենք նայում, ուրեմն՝ սա է: Արցախահայությանը դրել են ցեղասպանության վտանգի տակ ու մեղադրում են. 1915թ. Ցեղասպանության զոհն էր մեղավոր, Արցախում էլի ցեղասպանության զոհն է մեղավոր, ինչքա՞ն կարելի է այս կերպ առաջնորդվել»:
Նա շեշտեց՝ Արցախում ցեղասպանություն իրականացրել է Ադրբեջանի իշխանությունը՝ Հայաստանի գործող իշխանության հետ ձեռք ձեռքի տված.
«Սա փաստ է, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինչքան էլ իրենք փորձեն մանևրել, մեկ է՝ ձեր ճակատին դաջված է՝ ցեղասպան, դուք իրականացրել եք Արցախի ցեղասպանությունը, այդ խարանը ձեր և ձեր զավակների ճակատին է: Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և կարելի է ՔՊ-ի անունները Նիկոլից սկսած՝ հերթով թվարկել: Կատարվածն ահասարսուռ բան է: Սա կնքված պատմական փաստաթուղթ է՝ իրենց ճակատին դաջված»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում