
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան

Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
«Կարծում եմ, որ միջազգային հարաբերություններում, առհասարակ դիվանագիտական հարաբերություններում միշտ ճիշտ է ընտրել բառերը։ Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Երբեմն Հայաստանում արտահայտայություններ են արվում, որոնք ճիշտ չեն ներկայացնում իրականությունը։ Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերներ հետ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ` Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Փաշինյանը շեշտեց, որ ցանկություն կա նաև ավելի լավացնելու հարաբերությունները հարևան մյուս երկրների` Վրաստանի և Իրանի հետ։