Այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ. սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ելույթ ունենալով վերջերս Բաքվում անցկացված «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին՝ Նախիջևանի տարածքով Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:

Իրականում այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ։ Հատկանշական է, որ այն առավել քան տեղավորվում է օրերս կնքված ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերության հայտարարության տրամաբանության մեջ:

Վերջինս ենթադրում է բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում Բաքվի ու Պեկինի միջև՝ «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:

Նշենք նաև, որ 44-օրյայից ի վեր Ալիևը մեկ անգամ չէ, որ փորձել է «վաճառել», այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագիծը Չինաստանին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան դիվերսիֆիկացնելու նպատակով:

Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:

Խոսքն այստեղ ոչ թե էներգետիկ համագործակցության, այլ ուժի և ճնշման գործիքներով սահմանների վերաձևման փորձի մասին է, ինչը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»։

Տեսանյութեր

Լրահոս