
Հայկական դիվանագիտական «իմպոտենտությունը» պարարտ հող ստեղծեց, որ Չինաստանի համար Ադրբեջանն աստիճանաբար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր դառնա Հարավային Կովկասում. Վիտալի Մանգասարյան

Օրեր առաջ Պեկինում Ադրբեջանի և Չինաստանի ղեկավարները ստորագրել են «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին», որն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը:
168.am-ը ներկայացրել է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հաստատման նախապատմությունը, և այն, որ Ադրբեջանը և Չինաստանը համատեղ պայքարելու են ադրբեջանական կողմին անհանգստացնող «չարիքների» դեմ, և բանակցում ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկություններ ստեղծելու շուրջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին արտահերթ նախագահական ընտրություններում սպասելի հաղթանակից հետո Ալիևն իր երդման արարողության ժամանակ հստակ նշել էր, որ իր գլխավոր խնդիրն առաջիկա տարիներին ևս մնալու է Ադրբեջանի զինված ուժերի ամրապնդումը, ինչպես նաև՝ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումն ու զարգացումը:
«Մենք ստեղծում ենք ռազմարդյունաբերական համալիր, առաջին փուլն արդեն ավարտված է, երկրորդ փուլն ավելի լայնամասշտաբ է լինելու: Միայն այս տարի այդ նպատակով ներդրվել է ոչ պակաս, քան 1 միլիարդ, և այսուհետ մենք առավել մեծ ծավալով պիտի ապահովենք ինքներս մեզ սպառազինությամբ և տեխնիկայով: Այսինքն, այս բնագավառում բավականին չափով կկարողանանք ազատվել արտաքին կախվածությունից»,- մանրամասնել էր նա:
Ինչո՞վ կարող է Չինաստանը հետաքրքրել և ձեռնտու լինել Ադրբեջանին այս առումով, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության շուրջ ձևավորվող երկխոսությունն Ադրբեջանի համար նոր հեռանկարներ է բացում։ Չինաստանը, լինելով համաշխարհային առաջատարներից մեկը պաշտպանական տեխնոլոգիաների և զենքի արտադրության ոլորտում, կարող է առաջարկել նորարարական լուծումներ։ Բնականաբար, Ադրբեջանն այդ իմաստով ձգտում է ամրապնդել իր ռազմական կարողությունները։
Ցավոք սրտի, մերօրյա իրականության մեջ Չինաստանի համար Ադրբեջանն աստիճանաբար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է դառնում Հարավային Կովկասում, և հայկական կողմի դրսևորած դիվանագիտական «իմպոտենտությունը» պարարտ հող է ստեղծում այդ ամենի համար։
Ադրբեջանի համար չինական տեխնոլոգիաները հետաքրքիր են հատկապես անօդաչու թռչող սարքերի, ռադարային համակարգերի, արհեստական բանականությամբ զինտեխնիկայի և մի շարք այլ ոլորտներում։ Չինական արտադրությունը համեմատաբար մատչելի է և կարող է լավ այլընտրանք հանդիսանալ արևմտյան կամ իսրայելական զինտեխնիկային։ Բացի այդ, Չինաստանի հետ համագործակցությունը կարող է դիվերսիֆիկացնել Ադրբեջանի ռազմական մատակարարման աղբյուրները՝ նվազեցնելով կախվածությունը մի շարք ավանդական գործընկերներից։
Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերական ոլորտում կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ Ադրբեջանի տնտեսության վրա։ Տեղական արտադրական հնարավորությունների զարգացումն ու տեխնոլոգիական հզորությունների տեղայնացումը կզարգացնի նաև քաղաքացիական ոլորտում կիրառվող նորարարական լուծումները։ Դա իր հերթին՝ կնպաստի ոչ միայն ռազմական, այլև ազգային տնտեսության ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացին։
Չինաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում հնարավոր է դիտարկել նաև որպես մաս ավելի լայն տնտեսական և քաղաքական հարաբերությունների։ Երկու երկրներն էլ անդամակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որի շրջանակներում կարող են զարգանալ լոգիստիկ, էներգետիկ և տեխնոլոգիական ոլորտների համատեղ նախագծեր։ Ռազմարդյունաբերական համագործակցությունն այս համատեքստում կարող է դառնալ ռազմավարական վստահության և ինտեգրման արտահայտություն։
Ի վերջո, չինա-ադրբեջանական համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում արտացոլում է գլոբալ միտումները, երբ զարգացող պետությունները փնտրում են նոր գործընկերներ՝ իրենց անվտանգային և տնտեսական շահերը հավասարակշռելու համար։
– Վերջերս Ադրբեջանը՝ ի դեմս երկրի նախագահ Իլհամ Ալիևի, հրապարակավ անհանգստություն և մտահոգություն էր հայտնել Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների ֆոնին սիրական հարցի համատեքստում, ինչը բնական է, եթե հաշվի առնենք Ադրբեջան-Թուրքիա և Ադրբեջան-Իսրայել եղբայրական և ռազմավարական համագործակցության փաստը: Ամեն դեպքում, Թուրքիա-Իսրայել լարված հարաբերություններն ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Ադրբեջանի համար: Ի դեպ, սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու, ինչի օրակարգում լինելու է Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների մեղմացման հարցը:
– Թուրքիան երկար տարիներ աջակցել է Ադրբեջանին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով՝ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմում, ինչը խորացրել է երկու երկրների ռազմաքաղաքական դաշինքը։ Միևնույն ժամանակ, Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի կարևոր ռազմարդյունաբերական գործընկերը։ Բաքուն նրանից գնում է բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և հակահրթիռային համակարգեր։ Եթե Թուրքիա–Իսրայել հակասությունները վերածվեն բաց ռազմական կամ քաղաքական առճակատման, ապա Ադրբեջանը ստիպված կլինի բարդ ընտրության առաջ կանգնել։
Կարծում եմ՝ Ադրբեջանի փորձերը՝ մեղմել երկու դաշնակիցների միջև առաջացած հակասությունները, պետք է դիտարկել որպես ինքնապաշտպանական դիվանագիտություն՝ ուղղված սեփական շահերի ապահովմանը։
– Իսկ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարո՞ղ ենք հարթ համարել, դեռ ի՞նչ չի պահանջել Թուրքիան Ադրբեջանից, որը կարող է անել, եթե կարելի է այսպես ասել:
– Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարելի է համարել հարթ և դաշնակցային՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային մակարդակներում։ Այս պահի դրությամբ Թուրքիան Ադրբեջանից բացահայտ որևէ կտրուկ պահանջ չի ներկայացրել, որը վտանգի տակ դնի Ադրբեջանի շահերը, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում, հավանաբար, կփորձի խորացնել իր ազդեցությունն Ադրբեջանում՝ ոչ թե ճնշման, այլ եղբայրական կապերի, տնտեսական շահերի և համատեղ սպառնալիքներին հակազդելու գաղափարների միջոցով։
– Ադրբեջանը քարոզչական առումով կենտրոնացած է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների վրա, արդյո՞ք տեղին է Ադրբեջանի մտահոգությունը, թե՞ սա զուտ քարոզչական թիրախավորում է: Կամ՝ Ադրբեջանը պարբերաբար մտահոգություն է հայտնում Հայաստանի՝ արևմտյան երկրներից զենք, խորհրդատվություններ ստանալու առնչությամբ, սա իրական վտա՞նգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Ի դեպ, այսօր սպառազինության ձեռքբերման հարցում Հայաստանն ինչի՞ վրա պիտի ուշադրություն դարձնի, թեպետ հարցը բարդ է, երբ և՛ գիտես, և՛ չգիտես՝ ինչ խնդիր կա բանակի առջև դրված:
– Ադրբեջանն ակտիվորեն արտահայտում է իր դժգոհությունը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ այդ առաքելությունը տարածաշրջանում բացասաբար է ազդում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության վրա։ Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, տպավորություն ունեմ, որ ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ պաշտպանական կարողությունները մեծացնելու գործում, Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ թե լուրջ զինվելու, երկրի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու գործին են լծված, այլ ուղղակի այդ ամենի իմիտացիայով են զբաղված։
Ամեն դեպքում նշեմ՝ Հայաստանն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի տեխնոլոգիական կողմին՝ ժամանակակից կապի միջոցներ, անօդաչու թռչող համակարգեր, հակաօդային պաշտպանության նոր լուծումներ և էլեկտրոնային պատերազմի կարողություններ։ Ոչ պակաս կարևոր է զորքի բարոյահոգեբանական վիճակի բարձրացումը։ Այս նպատակով պետք է ներդրվեն մեխանիզմներ՝ ուղղված զինծառայողների հոգեբանական կայունության ամրապնդմանը, ծառայության հանդեպ հպարտության ձևավորմանն ամբողջ հրամանատարական շղթայում։ Զորախաղերը և պարբերական վարժանքները, որոնք հիմնված են հնարավոր իրական մարտական սցենարների վրա, վստահաբար զգալիորեն կբարձրացնեն զինծառայողների ինքնավստահությունը, համախմբվածությունը և սեփական ուժերի նկատմամբ հավատը։
Ժամանակակից բանակը պահանջում է ոչ միայն զինատեսակների, այլև մտածողության, կառավարման և դաշնակիցների հետ հարաբերությունների նոր մակարդակ։ Այդ հարցում կարևոր է ռազմաքաղաքական ճկունությունը, որ Հայաստանն ի վիճակի լինի զուգահեռաբար համագործակցել՝ ինչպես արևմտյան ու հյուսիսային, այնպես էլ՝ այլ տարածաշրջանային ուժերի հետ, մասնավորապես՝ Իրանի:
– Եվ վերջում՝ ո՞ւր կարող են տանել ադրբեջանական կողմից հնչող այս տևական կրակոցները:
– Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական սադրանքները, անշուշտ, մտահոգության առիթ են տալիս։ Սադրանքների հետևանքով բնակիչների շրջանում տարածվում է վախի մթնոլորտ, որն անուղղակիորեն կարող է նպաստել սահմանային բնակչության արտագաղթին։
Եթե այս սադրանքները շարունակվեն՝ առանց համարժեք միջազգային և տեղային արձագանքի և պատասխանի, ապա վտանգ կա, որ դրանք կարող են վերածվել լայնածավալ էսկալացիայի, հատկապես այն պարագայում, երբ ադրբեջանական կողմն այդ ամենի համար պարարտ հող նախապատրաստելու գործին է լծված։ Ուստի, ինչպես բանակը, այնպես էլ հասարակությունը պետք է գտնվեն առավելագույն զգոնության վիճակում՝ պատրաստ լինելով բոլոր սցենարներին։