«Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել նրան ընտրած ու իշխանություն ձևավորած քաղաքացիները. բայց դրա վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը». Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանում հանդիպեց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ՝ սկզբում՝ բաց, ապա՝ փակ ձևաչափով։

Մոտ 1 ժամ տևած փակ քննարկումից հետո Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման նպատակը ևս մեկ անգամ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին աջակցություն ցույց տալն է։

«Համարում եմ, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է մեր հասարակության, ի դեմս արցախցիների իրավունքների պաշտպանության տեսակետից։ Պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել խորհրդի անդամների հետ, քննարկել իրենց կողմից իրականացվող աշխատանքները»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Լրագրողները Սամվել Շահրամանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելո՞ւ է մայիսին, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ որոշում դեռևս չկա, ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի, հասարակության դիրքորոշումից։

Կարդացեք նաև

«Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները և կայացնենք որոշում, այս պահին ես որոշում չունեմ»,- շեշտեց նա։

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ և նրանից տարածք է խնդրել։

«Մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ինքս կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպել եմ։ Ունեցել եմ հանդիպումներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ինքն անձամբ պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Սամվել Շահրամանյանը պատասխանեց.

«Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք, այո՛, ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ համարում ասել։ Որպես Արցախի պաշտոնյա, ինքս այս պահին կոռեկտ չեմ համարում պատասխանելու»,- ընդգծեց Սամվել Շահրամանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս