
Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համար

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։
Այս մասին հույն պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին։
Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,-իր գրառման մեջ նշել է պատգամավորը։
Կայա Կալասի՝ Բաքու այցելության առնչությամբ ավելի վաղ անհանգստություն էին հայտնել նաև Եվրոպական խորհրդարանի և եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների մի խումբ պատգամավորներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։
Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։
Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։