
Ադրբեջանի ԶՈՒ Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնակատարը նոր պաշտոն ունի. նա մասնակցել է 44-օրյայի ելքը «որոշած» օպերացիաներին

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ գեներալ-մայոր Ակիֆ Պիրվերդիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու) հրամանատար՝ փոխարինելով գեներալ-մայոր Մունասիբ Բաբաևին. նրա ազատման մասին տեղեկություններ շրջանառվել էին դեռ անցած տարի:
Ե՛վ Բաբաևը, և՛ Պիրվերդիևն Ալիևի հրամանագրով գեներալի կոչում են ստացել 44-օրյա պատերազմից հետո. Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 2022 թվականի հունիսին:
Նշենք, որ երբ անցած տարի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել էր Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ակիֆ Պիրվերդիևի վրա էին ժամանակավոր դրվել Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պարտականությունները, ով 2004 թվականից ծառայության է անցել հենց այս ուժերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Պիրվերդիևը մասնակցել է 44-օրյա պատերազմին, և 2020 թվականի դեկտեմբերին Ալիևը նրան պարգևատրել էր «Ֆիզուլիի ազատագրման համար» և «Ջաբրայիլի ազատագրման համար» մեդալներով: Պիրվերդիևը, իհարկե, նաև այլ պարգևների է արժանացել 2020 թվականի պատերազմից հետո:
2021 թվականին տված հարցազրույցում այդ ժամանակ Նախիջևանի առանձին համազորային բանակի մարտական պատրաստության վարչության ղեկավար գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն է համարվել, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և այս համատեքստում հիշատակել է նաև Ակիֆ Պիրվերդիևի անունը՝ որպես այդ ժամանակ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հիքմեթ Միրզոևի տեղակալի:
Հավելենք, որ անցած տարի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր.
«Ջաբրայիլի օպերացիան հատուկ նշանակություն ուներ, Ջաբրայիլ քաղաքի ազատագրումը դրական ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքի վրա, նաև բարձրացրեց բանակի ոգին: Ջաբրայիլի օպերացիայից հետո հաջողությամբ իրականացվել է Հադրութի օպերացիան: Հակառակորդն ուներ հզոր ամրություններ, ընդ որում, բոլոր բարձունքներին իրենք էին տիրում, այդ թվում՝ Ջաբրայիլում, ուստի ստիպված էինք ճեղքել մի քանի պաշտպանական գիծ: Հադրութից հետո հոկտեմբերի 17-ին հաջողությամբ ավարտեցինք Ֆիզուլիի օպերացիան, և արդեն ճանապարհ բացվեց դեպի Շուշիիի, Զանգելանի և Կուբաթլուի ուղղություններ»:
Նշենք, որ 168.am-ը պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերում կադրային նշանակումներին ու փոփոխություններին՝ նշելով, որ այս հարցում որոշիչ դեր ունի Ադրբեջանի ԶՈւ Հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, այսօր Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, և, որ բոլոր փոփոխությունները տեղի են ունենում թուրքական մոդելի բանակ ունենալու նպատակով, ինչպես նաև՝ հաշվի առնելով 44-օրյայի ժամանակ ադրբեջանական հաղթանակի կերտման հարցում Հատուկ նշանակության ուժերի ունեցած դերակատարումը: