
Կարե՜ն, եթե դու այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա 1974-1988 թվականներին ղեկավարել է Խորհրդային Հայաստանը։ Իսկ 1998-ին ֆուրորով վերադառնալով քաղաքականություն, այնուհետ ստանձնելով ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը՝ Դեմիրճյանը կարծես միավորել, կամրջել է խորհրդային եւ հետխորհրդային ժամանակները Հայաստանում։ Այդ ժամանակների միախառնումը երբեմն զվարճալի դրսեւորումներ է ունենում, ինչպես, դիցուք, Գյումրու վերջին ընտրություններում, որտեղ մի թեկնածուն ընտրության գնաց ռեինկարնացիայի ենթարկված Կոմկուսով՝ կոմունիզմի լոզունգները համադրելով կրոնական ցիտատների ու երգեցողության հետ։ Մեկ ուրիշը ջանում էր Կարեն Դեմիրճյանի հետ ասոցիացիա ստեղծել` այն ձեռնածությամբ, թե իրեն առաջադրել է կուսակցություն, որը 1998-ի նախագահական ընտրությունում սատարել էր քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Կ. Դեմիրճյանին։ Խորհրդային ժամանակների «Մայր Հայաստան» հուշակոթողի անունն ու սիմվոլիկան էլ վերցրել էր մեկ այլ ուժ, որի հոգեւոր հայրն իր ողջ կերպարով եւ գործունեությամբ դույզն-ինչ առնչություն չունի Խորհրդային Հայաստանի հետ:
Սակայն դարաշրջանների միախառնումն իրականում խորքային երեւույթ է, եւ բնական էր, որ 2025-ի տարեսկզբից նոր լույսի ներքո արծարծված երկու համազգային տարողության թեմա առնչվեց Կարեն Դեմիրճյանին՝ Մեղրիի փոխանակման ծրագրի եւ Հայոց ցեղասպանության հիշատակության։ Այդ երկու թեմայի շուրջ էլ ապրիլի 17-ից առաջ զրուցել եմ Կարեն Դեմիրճյանի որդու՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ։
Մոսկվան կանաչ լույս չէր վառել
1915-ի Հայոց ցեղասպանության թեման տարեսկզբից առանձնակի արդիականություն է ձեռք բերել ոչ թե ցեղասպանության առաջիկա 110-րդ տարելիցի, այլ Նիկոլ Փաշինյանի պարբերական, սադրիչ հայտարարությունների պատճառով։ Այնքան սադրիչ, որ Փաշինյանին հանդիպած թուրք լրագրողներից մեկը նույնիսկ հետաքրքրվել էր, թե ինչ նպատակ են հետապնդում Փաշինյանի ոչ օրդինար հայտարարությունները ցեղասպանության թեմայով, ինչի է նա ձգտում հասնել․․․
Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեցի՝ ինչպես է վերաբերվում Փաշինյանի խոսքերին, թե պետք է քննարկել տեսնել՝ ինչպես էր պատահել, որ 1930-ականներին Հայոց ցեղասպանության թեման Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, քննարկումներում չկար, իսկ 1950-ականներին բարձրացավ, արդյո՞ք դա Մոսկվայի շահագրգռությունը չէր։
«Նախ պետք է իմանալ, որ Խորհրդային Միությունում բազմաթիվ թեմաներ են փակ եղել 1930-ականներին, որոնք բացվել են Ստալինի մահվանից հետո, 1950-ականների խրուշչովյան ձնհալի՝ оттепель-ի շրջանում։ Սակայն, անկախ նրանից՝ բարձրաձայն խոսվել է, թե ոչ, հայ ժողովրդի գիտակցության, հիշողության մեջ ցեղասպանության փաստը եւ թեման միշտ էլ առկա են եղել։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները, երբ արդեն քիչ թե շատ իրադրությունը թույլ է տվել, ձեռնամուխ են եղել կոնկրետ քայլերի՝ ցեղասպանության հիշատակման եւ դատապարտման ուղղությամբ։ Բայց այդ քայլերն արվել են դժվարություններ, խոչընդոտներ հաղթահարելով։ Ոչ թե Մոսկվայից կանաչ լույս է վառվել։
1964-ին, երբ Յակով Զարոբյանը Եղեռնի 50-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումն է նախաձեռնում, շատ խոսուն է, թե նախաձեռնությունն ինչ ձեւակերպմամբ է Մոսկվա ներկայացվել․ «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայազգի նահատակներին նվիրված հուշակոթող»։ «Ցեղասպանություն» բառն անգամ չի հիշատակվել փաստաթղթում՝ հավելյալ խոչընդոտներ չհարուցելու համար։ Հուշահամալիրի կառուցումը թափ է ստացել 1966-ին՝ արդեն Անտոն Քոչինյանի օրոք, եւ կառուցման աշխատանքներն անմիջականորեն վերահսկել է Կարեն Դեմիրճյանը, որն այդ ժամանակ Երեւանի քաղկոմի երկրորդ քարտուղարն էր։ Մեծածավալ աշխատանք կատարելով՝ հնարավոր է լինում 1967-ին հուշահամալիրի կառուցումն ավարտել եւ այն պաշտոնապես բացել։ Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդում Քոչինյանը վառում է անմար կրակը։
1974-ին արդեն հանրապետության ղեկավարումը ստանձնեց Կարեն Դեմիրճյանը, եւ ես գիտեմ, թե ինչ հետեւողական ու համառ աշխատանքի արդյունքում Դեմիրճյանին հաջողվեց հասնել նրան, որ նախ 1975-ին առաջին անգամ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես դատապարտի Հայոց ցեղասպանությունը, եւ, ի վերջո, 1988-ին Ապրիլի 24-ը հայտարարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
1985-ից Հիշատակի օրվա նախագիծը, հիմնավորումը ներկայացված էր, եւ Դեմիրճյանն ամեն Մոսկվա այցին այդ թեման կրկին բարձրացնում էր․․․ Հարկավոր էր ՍՄԿԿ Քաղբյուրոյի հավանությունը, իսկ այնտեղ տարբեր դիրքորոշումներ կային, մասնավորապես, ԽՍՀՄ երկարամյա ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոն դեմ էր Ապրիլի 24-ի հիշատակմանը, քանի որ համոզված էր՝ դա կվատացնի Թուրքիայի հետ ԽՍՀՄ հարաբերությունները։ Ի վերջո, տարիների ջանքերի, պայքարի արդյունքում՝ 1988-ին Ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարվեց, երբ Դեմիրճյանն արդեն հեռացել էր իշխանությունից»։
Ով ինչպես է մեկնաբանում Պետդեպի փաստաթղթերը
2025-ի հունվարին «Ազատություն» ռադիոկայանի մի հոդվածում տեղադրված հղումներով հրապարակվեցին ՀՀ Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի դիմաց Ադրբեջանին հանձնելու ծրագրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի՝ վերջին տարիներին գաղտնազերծված զեկուցագրերը, որոնք հաստատում էին, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը 1999-ին քննարկել են նման հարց` դիվանագիտական շրջանակներում դա կրել է «Նախիջեւանյան համաձայնություն» անվանումը, եւ բանակցությունների ընթացքին ռեալ ժամանակի մեջ տեղեկացված է եղել Վաշինգտոնը։ Այդ զեկուցագրերն ով ասես՝ մեկնաբանեց։ Բնականաբար, հիմնականում նրանք, ովքեր ոչ մի զեկուցագիր էլ չէին կարդացել, լսել էին ընդամենը «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը կամ կարդացել հոդվածը։ Խոսացողների անտեղյակությունը բուն զեկուցագրերից ակնբախ էր, Լաո-Ցզիին վերագրվող ասույթի նման՝ «Նա, ով գիտի, չի խոսում, ով չգիտի, նա է խոսում»։
Միայն բուն զեկուցագրերը կարդացած չլինելը կարող էր բացատրել, թե ինչպես էր պատահել, որ Պետդեպի փաստաթղթերից խոսողները չէին նկատել «սենյակում գտնվող փղերին», օրինակ՝ կա նաեւ մի տեղեկություն, թե Թուրքիայում պատրաստ են եղել Մեղրիի շրջանի փոխանակման համար Ռոբերտ Քոչարյանին շնորհել Աթաթուրքի անվան մրցանակ (Թելբոթ-Դեմիրել հանդիպման զեկուցագիր, 27.10.1999թ․ Անկարա)։ Ընդ որում՝ 1999-ին Աթաթուրքի ամենամյա մրցանակը շնորհվել է Հեյդար Ալիեւին, եւ նախագահ Դեմիրելը կատակել է, թե դա «կանխավճար է գործի համար, որը դեռ պետք է արվի»։ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թելբոթը հարցրել է․ «Կարո՞ղ է Քոչարյանն էլ մրցանակի հաջորդ տարվա հավակնորդը լինել, եւ Դեմիրելը կծու սրամտեց` ինչո՞ւ ոչ» (THE DEPUTY SECRETARY ASKED WHETHER KOCHARIAN MIGHT BE ELIGIBLE NEXT YEAR AND DEMIREL QUIPPED, “WHY NOT.”):
Պետդեպի փաստաթղթերը 25-ամյա վաղեմության բազմաթիվ փաստեր, մանրամասներ բացահայտեցին, իսկ որքանո՞վ էին դրանք նորություն Ստեփան Դեմիրճյանի համար։
«Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերից ընդհանրության մեջ երեւում է մի իրողություն։ Այն է՝ Ռոբերտ Քոչարյանը 1999-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցել է Մեղրիի շրջանն ամբողջությամբ ԼՂՀ-ի հետ փոխանակելու շուրջ։ Մինչդեռ տարածքների փոխանակման որեւէ գաղափար սկզբից եւեթ պետք է Հայաստանի կողմից կտրականապես մերժվեր։
Ակնհայտ է, որ տարիներ շարունակ ստել են եւ հիմա որքան էլ փորձեն Մեղրիի փոխանակման շուրջ բանակցությունները ներկայացնել որպես «հմուտ դիվանագիտություն», դրանից իրականությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ սակարկվել են Հայաստանի տարածքները, ինչն անթույլատրելի էր, եւ դրան որեւէ արդարացում չկա։
Ես նախկինում էլ՝ դեռ 2000-ին, հրապարակավ սա ասել եմ, որ հոկտեմբերի 27-ից օրեր առաջ Կարեն Դեմիրճյանը տանը մեզ ասել է, որ քննարկվում է Մեղրիի շրջանը փոխանցել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց, ինչին ինքը կտրուկ դեմ էր։
Դեմիրճյանը խորապես գիտակցում էր, թե Մեղրին ինչ վճռորոշ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ իր կառավարման տարիներին ամեն ինչ արեց Մեղրիի զարգացման համար։ Այդ տարիներին իր նախաձեռնությամբ նախ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհը կառուցվեց՝ բարդ տեխնիկական լուծումներով, որը 1990-ականներին մեր երկրի համար դարձավ «կյանքի ճանապարհ»։ Նաեւ Դեմիրճյանը թույլ չտվեց, որ Նյուվադի-Մեղրի ճանապարհ կառուցվի»։
Նյուվադի-Մեղրի ճանապարհի կապակցությամբ արժե նշել, որ Կարեն Դեմիրճյանի «Дни сквозь строчки» գրքում, որտեղ զետեղված են Կոմկուսի կենտկոմում իր պաշտոնավարման տարիների աշխատանքային օրագրերից հատվածներ, այդ ճանապարհի մասին տասնյակ գրառումներ կան։ Այդ թվում՝ մի գրառում 1985-ի հունվարին Հեյդար Ալիեւի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից, երբ արդեն Մոսկվա տեղափոխված, ՍՄԿԿ Քաղբյուրոյի անդամ դարձած Ալիեւը չի մոռացել ու նորից սկսել է համոզել Դեմիրճյանին Նյուվադի-Մեղրի ճանապարհի դեմ առարկությունը հանել․ «Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»։ Խոսակցությանը Ֆադեյ Սարգսյանն էլ է ներկա եղել, որը հետո այդ մասին նաեւ պատմել է։ Թե Ալիեւի շողոքորթությանը Դեմիրճյանն ինչ է փոխադարձել, գրքում չկա, բայց կա փաստը՝ իր առարկությունը չի հանել, եւ ճանապարհը չի կառուցվել։
ՀԳ․ Թյուրընկալումից խուսափելու համար՝ մի պարզաբանում. ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված 11 զեկուցագրերից 8-ը թվագրված է 1999 եւ 2000թթ., սակայն, ոչ պատահաբար, հրապարակվել են նաեւ 28.04.1992-ի Ջորջ Բուշ-Թուրգութ Օզալ եւ 03.07.1997-ի Սթրոբ Թելբոթ- Օնուր Օյմեն խոսակցությունների արձանագրությունները։ Դա ակներեւաբար արվել է, որպեսզի երեւա, որ ամերիկյան կողմը տարիներ շարունակ, բոլոր վարչակազմերի օրոք չի ողջունել եւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղի չի համարել Մեղրիի, առհասարակ` տարածքների փոխանակումը։
Իսկ 1999-ին Մեղրիի փոխանակումը որպես տեղում ծնված, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող, համաձայնության հասցված լուծում է մատուցվել ամերիկացիներին, որից հետո էլ, դատելով փաստաթղթերից, Վաշինգտոնում որոշել են նպաստել, որ համաձայնությունները դառնան համաձայնագիր։ Այժմ, երբ ոմանք հետադարձ խմբագրում ու հայտարարում են, թե «իրենք Մեղրին տվող չէին, դրա շուրջ միայն բանակցում էին», դրանով հավակնում են ասել, թե իրենք ԱՄՆ ամբողջ վարչակազմին՝ փոխպետքարտուղար Թելբոթից, պետքարտուղար Օլբրայթից մինչեւ փոխնախագահ Ալ Գոր ու նախագահ Բիլ Քլինթոն, մատի վրա պտտեցնո՞ւմ էին։