
Եկել քյանդրբազություն է անում

Ազգային ժողովի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը վերածել է խեղկատակության թատրոնի։ Խորհրդարանում կառավարության ծրագրի 2024թ. կատարողականի հաշվետվությունն են քննարկում, փոխարենը ասի, թե իր ղեկավարած կառավարությունը որքանո՞վ է կատարել անցած տարվա առաջադրանքները, ամեն ինչից խոսում է, բացի ծրագրի 2024թ. կատարողականից։
Գիտե՞ք ինչու է այդպես անում, որովհետև կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականն ամբողջությամբ տապալել են։ Ոչ մի խնդիր չեն կարողացել լուծել։ Ու որպեսզի դրանք շրջանցի՝ հերթական շոուն է բեմադրում։ Իր ղեկավարած կառավարության ու իշխանության նախորդ 7 տարիների «անհավանական» ձեռքբերումներից է խոսում՝ մոռանալով, որ այդ 7 տարիներին Արցախն են հանձնել, Հայաստանի տարածքներն են զիջել, հազարավոր երիտասարդների են զոհաբերել, երկրի անվտանգությունն ու գոյությունն են դրել հարցականի տակ, աղետ են բերել ժողովրդի գլխին։ Այդքանից հետո, դեռ կառավարության հաջողություններից է խոսում։ Հաջողություններն էլ գոնե հաջողություններ լինեն։
Ձախողել են անցած տարվա՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ պետական բյուջեի կատարողականը։ Թերակատարել են բյուջեի՝ ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը։ 223 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր են հավաքել, քան սահմանված է եղել բյուջեով։
Ձախողել են ոչ միայն հարկերի հավաքագրումը, այլև ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշը, ինչն ամենակարևոր ցուցիչն է հարկերի հավաքման արդյունավետությունը գնահատելու համար։ ՀՆԱ-ում հարկերի մակարդակը կազմել է 23,6 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարի էր։ Հարկերի հավաքագրումը 0,45 տոկոսային կետով նվազել է։ Նույնիսկ նախորդ տարվա մակարդակը չեն կարողացել պահել։
Վերջին 7 տարիների բյուջեի եկամուտների անվանական աճերով է փորձում խաբել ժողովրդին։
Որ 7 տարվա ընթացքում, անվանական արտահայտմամբ, բյուջեի եկամուտները պիտի ավելանային, արտառոց ու զարմանալի ոչինչ չկա։ ՀՆԱ-ն ավելանում է, բնականաբար, անվանական արտահայտությամբ պետք է ավելանան նաև հավաքվող հարկերը։ Բայց հարկերի հավաքման արդյունավետությունը ոչ թե հարկերի անվանական աճերով են չափում, այլ ՀՆԱ-ում հարկերի հավաքման մակարդակով։
Անցած 7 տարիներին ՀՆԱ-ում հարկերի մակարդակն ավելացել է այնքան, ինչքան նախկինում էր ավելանում՝ միջին տարեկան 0,3-0,4 տոկոսային կետով։ Վերջին տարիներին՝ նույնիսկ ավելի քիչ։ 2020թ. ՀՆԱ մեջ հարկերի մակարդակը 22,6 տոկոս էր, 2024թ. կազմել է 23,6 տոկոս։ Չորս տարում ընդամենը 1 տոկոսային կետով է ավելացել, միջին տարեկան 0,25 տոկոսային կետով։
Սա է բյուջեի եկամուտների աճի իրական գնահատականը։ Արտառոց ոչինչ տեղի չունեցել։ Արտառոցն այն է, որ հավաքված գումարները ծախսվել են, բայց արդյունք չեն տվել։
Ազգային ժողովի ամբիոնից, կառավարության հաջողությունները ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ գյուղատնտեսության աջակցության նպատակով բյուջեից 100 մլրդ դրամ են տվել։ Մոռացել է, որ ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստում խոստովանում էր, որ գյուղատնտեսության մեջ միլիարդներ են ծախսել, բայց զրո արդյունք են ստացել։
Ասում է՝ 31,4 մլրդ դրամ ենք տրամադրել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխայի աջակցության ծրագրի շրջանակներում։
Հիշեցնենք՝ սա ծնելիության խթանման ծրագիր է, որը սկսել են իրականացնել 2022 թվականից։
Հիմա տեսեք, թե այն որքանո՞վ է նպաստել մեր երկրում ծնելիության խթանմանը։
Այդ ծրագրի իրականացման ընթացքում երրորդ տարին անընդմեջ Հայաստանում ծնունդները կրճատվել են. 2023թ. ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2022թ., 2024թ. ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2023թ.։ Միայն անցած տարի 2942-ով պակաս երեխա է ծնվել Հայաստանում, քան ծնվել էր 2023թ.։
Ծնելիության խթանման ծրագրի շրջանակներում լրացուցիչ 61 մլրդ դրամ էլ հատկացրել են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար։ Վերջում ունենք այն, որ ծնելիությունը տարեցտարի կրճատվել է։
Այսպիսին է կառավարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը։ Գրեթե բոլոր տեղերում նույն բանն է։ Փողերը ծախսել են, արդյունք չկա։
Նախկինների թալանից, ապօրինի գույքի բռնագանձումից է խոսում, երբ բյուջեի փողերը, հարկատուների քրտինքով ստեղծված միջոցները համատարած թալանել ու վատնել են։ Առանց հիմնավորումների միլիարդներ են ծախսել, արդյունքներն էլ այսպիսին են։
Թոշակները բարձրացնելու վրա 233 մլրդ դրամ են ծախսել, այն էլ՝ 7 տարում, ամեն անգամ ժողվարչապետը ժողովրդի աչքն է մտցնում, իսկ որ տասնյակ ու հարյուրավոր միլիարդները հատկացրել են իրենց աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների վճարմանը, խնամքով շրջանցում է։ Թոշակների բարձրացումն էլ բարձրացում լինի. 7 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է ընդամենը 8,8 հազար դրամով կամ հազիվ 22 տոկոսով։ Փոխարենը՝ իրենց աշխատավարձերը եռապատկել են։
Տնտեսական աճից է խոսում, երբ տնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի։ Տնտեսության լոկոմոտիվը դարձրել են առևտուրը։ Մի երկրից ապրանքները բերել, տեղափոխել են մեկ այլ երկիր, բարձր աճեր են նկարել, կարծում են, թե տնտեսություն են զարգացրել։ Արդյունաբերության բաժինը, անցած տարվա արդյունքներով, ՀՆԱ-ում կազմել է 16,1 տոկոս, իսկ գյուղատնտեսությանը՝ ընդամենը 7,9 տոկոս։ Այն դեպքում, երբ 6 տարի առաջ արդյունաբերության բաժինը 17,5 տոկոս էր, իսկ գյուղատնտեսությանը՝ 13,6 տոկոս։ Ավելանալու փոխարեն՝ նվազել է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության բաժինը։
Ժամանակին գլուխ էին գովում, որ մշակող արդյունաբերության կշիռը հասցրել են ռեկորդային 12,4 տոկոսի։ Տարիներ անց հազիվ 10,5 տոկոս է, երբ կառավարության ծրագրով խոստացել էին հասցնել 15 տոկոսի։
7 տարում կառավարության պարտքն են ավելի քան կրկնապատկել։ Միջին տարեկան գրեթե 1 մլրդ դոլարի պարտքեր են ավելացրել։ Պարտքի միայն տոկոսավճարը հասել է տարեկան 1 մլրդ դոլարի։
Ոչ միայն պարտքն են անվանական արժեքով կրկնապատկել, այլև այնքան թանկ պարտքեր են վերցրել, որ պարտքի գինը հասցրել են առևտրային վարկերի գնին։ Կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը նախկին 4,3-ի փոխարեն՝ անցած տարվա վերջին եղել է 7,2 տոկոս։ 2,9 տոկոսային կետով ավելացել է՝ այդքանով մեծացնելով այն ֆինանսական բեռը, որն ամեն տարի ուղղվում է պարտքի տոկոսների մարմանը։ Հիմա պատկերացրեք, թե այդ 2,9 տոկոսն ինչ հսկայական գումար է անում 13 մլրդ դոլար պարտքի սպասարկման մեջ։
Բոլոր ոլորտներում՝ տնտեսական, արտաքին, անվտանգային, պաշտպանության, սոցիալական քաղաքականության, երկիրը հասցրել են աղետալի վիճակի։ Այդքանից հետո, դեռ հանդգնում են խաբելով ու կեղծելով այլ իրականության պատրանք ստեղծել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ