
«Նիկո՛լ, այո՛, դու տարածք տվող ես՝ սուվերեն տվող». Սամվել Նիկոյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության 35-ամյա հոբելյանին նվիրված նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ծրագրային էր, որում հստակ ուղենշվեցին այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են լինելու Նիկոլ Փաշինյանից հետո եկող իշխանության համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով՝ մեր երկրի, պետականության շարունակականության համար պարզապես անհրաժեշտ է լինելու հասարակության համախմբումը, բանակի արդիականացումն ու արտաքին քաղաքականության վերանայումը, ինչպես ասված է Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթում։
«Դա կարևոր է, որովհետև աշխարհի պատմությունն է ցույց տալիս՝ քեզ կհարգեն, և դու խաղաղություն կունենաս միայն այն դեպքում, եթե ունենաս մարտունակ բանակ կամ ռազմաքաղաքական հավասարակշռություն, համախմբված հասարակություն և ճիշտ արտաքին քաղաքականություն։ Խնդրելով, զիջելով խաղաղություն չի լինելու։ Խաղաղություն չես գտնի նաև պատերազմից փախչելով, ինչպես անում է այս իշխանությունը, որովհետև, տեսեք, թե ի՞նչ վիճակում ենք մենք։
Այս տարիները ևս պատերազմի տարիներ են. պատերազմը շարունակվում է առ այսօր, պարզապես ուրիշ ձևով, հետևաբար՝ յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր պաշտպանության մասին մտածելը»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած երկրորդ կարևոր առաջնահերթությունը՝ բանակի մարտունակության բարձրացումը, հենց այս ամենի մասին է։
Այդ խնդիրը, ըստ Նիկոյանի, առավել առաջնային է դառնում, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպե՞ս են Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից պահանջում տարածքային զիջումներ, ինչը բավարարվում է ՀՀ իշխանության կողմից։
«Ասում է՝ սուվերենություն ենք պահում, բայց ճանապարհ ենք տալիս։ Ալիևը քեզ ասում է՝ ա՛յ տղա, էդ ճանապարհը կտաս, չես կարող չտալ։ Ինքն այդ ճանապարհը համաձայնում է տալ և մատուցում է, թե, իբր, երկրի՝ իր տարածքի նկատմամբ սուվերենությունն է պահպանում։ Նիկո՛լ, այո՛, դու տվող ես՝ սուվերեն տվող»,- ասաց Սամվել Նիկոյանը։
Ինչ վերաբերում է 3-րդ նախագահի մատնանշած հաջորդ առաջնահերթությանը՝ Հայաստանին անհրաժեշտ նոր արտաքին քաղաքականության հայեցակարգին, ապա, ըստ Սամվել Նիկոյանի, փոփոխված աշխարհում նոր արտաքին քաղաքականություն պետք է իրականացնել, որը միտված կլինի մեր ազգային շահերի սպասարկմանը։
«Մենք ունենք ստրատեգիական նշանակության համաձայնագրեր, փաստաթղթեր, պարզապես դրանց հետևում պետք է կանգնած լինի լուրջ մարդ, ոչ թե խեղկատակ»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։