
ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ռազմավարության հիմնասյուն և տնտեսական կայունության հենարան

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները, մի կողմից՝ լիարժեք օգտվում են ԵԱՏՄ անդամակցությունից բխող տնտեսական առավելություններից, մյուս կողմից՝ շարունակորեն փորձում են Հայաստանը «տեղավորել» ԵՄ քաղաքական հարթության մեջ՝ անտեսելով այն իրողությունը, որ ԵՄ-ում Հայաստանին, ըստ էության, որևէ ձևով չեն սպասում։ Նիկոլ Փաշինյանը, իր գործունեությանը բնորոշ երկակիությամբ, մի ձեռքով օգտվում է ԵԱՏՄ շուկայի պտուղներից, իսկ մյուսով՝ քայլեր է ձեռնարկում հայկական պետականության հիմքերը խարխլելու ուղղությամբ։
Այս իշխանությունները, որոնք ժամանակին ամենախիստ քննադատությունն էին ուղղում ԵԱՏՄ անդամակցությանը, կարծես մոռացել են այն հասարակական քննադատությունները, որոնց տակ կայացվել էր այդ ռազմավարական որոշումը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։
Ըստ էության՝ Վրաստանի և Ուկրաինայի փորձերը հստակ ցույց տվեցին, որ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը՝ առանց անվտանգային համակարգի ապահովման, կարող է հանգեցնել լուրջ ներքին ցնցումների և արտաքին ճնշումների։ Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի որոշումը՝ Հայաստանը միացնել ԵԱՏՄ-ին, ոչ միայն տնտեսական հաշվարկով պայմանավորված քայլ էր, այլ նաև՝ անվտանգային գնահատականների վրա հիմնված իրատեսական ընտրություն։ Այդ փուլում Ռուսաստանը, անկասկած, Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն էր, և նման որոշումը նախատեսված էր պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տնտեսական կենսունակությունը։
Աներկբա է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անկասկած Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության առանցքային հանգրվաններից էր։ Դա մի որոշում էր, որը ժամանակին դարձավ ամենաքննարկվող և ամենաքարկոծվող թեմաներից մեկը։ Հայաստանում այն ընկալվեց բևեռացված. ընդդիմադիր արևմտամետ բևեռն այդ քայլը որակում էր՝ որպես ազգային դավաճանություն և ինքնիշխանության կորուստ։ Սակայն տարիների հեռվից ակնհայտ է դառնում՝ որոշումը եղել է հաշվարկված ու ճիշտ ժամանակին, որի պտուղները քաղում է հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը։
Հայաստանը, չնայած ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ անմիջական սահման չունենալու փաստին, կարողացավ կայուն ինտեգրվել միությանը։ Տնտեսական շրջափակման պայմաններում (Թուրքիայից և Ադրբեջանից փակ սահմաններ) ԵԱՏՄ-ն Հայաստանի համար դարձավ կարևոր ուղի՝ խուսափելու տարածաշրջանային մեկուսացումից։ Նախագահ Սարգսյանն այս մասին խոսել է բաց տեքստով՝ շեշտելով անդամակցության անհրաժեշտությունը՝ ելնելով պետության կենսական շահերից։
Հստակ կարող ենք փաստել, որ անդամակցությունից հետո Հայաստանը ոչ միայն չկորցրեց տնտեսական ինքնուրույնությունը, այլ նաև ստացավ մաքսային արտոնություններ, հասավ բյուջետային կայունության և տարիներ շարունակ ստանձնել է ԵԱՏՄ աշխատանքների կոորդինացիան՝ դառնալով հարթակ տնտեսական նախաձեռնությունների համար։
Ներկայացնենք ԵԱՏՄ-ին անդամակցելու տեսանելի մաքուր թվային պատկերը՝
- 2014թ․ արտահանումը՝ 324 մլն դոլար, ներմուծումը՝ 1․114 մլրդ
- 2015թ․ արտահանումը՝ 235․7 մլն, ներմուծումը՝ 1․302 մլրդ
- 2016թ․ արտահանումը՝ 393․9 մլն, ներմուծումը՝ 985․1 մլն
- 2017թ․ արտահանումը՝ 555․2 մլն, ներմուծումը՝ 1․306 մլրդ
- 2018թ․ (8 ամսվա կտրվածքով) արտահանումը՝ 438․7 մլն (աճ՝ 33․1%), ներմուծումը՝ 923․4 մլն:
Այս ամենի ֆոնին հեգնական է հիշել այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու հայտարարությունները։ Նա բազմիցս ասել է, թե Հայաստանի անդամակցությամբ ԵԱՏՄ-ին՝ երկիրը «կորցնում է ռազմավարական հեռանկարներն» ու դառնում «եվրասիական տարածքի մի խղճուկ տնվոր»։ 2017-ին Փաշինյանի քաղաքական ուժը՝ «ԵԼՔ» դաշինքը, նույնիսկ ԱԺ օրինագիծ էր ներկայացրել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, իսկ ինքը դեմ էր քվեարկել ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքին՝ պնդելով, թե անդամակցության հետ կապված խնդիրները չեն վերլուծվել։
Այսօր Փաշինյանը հաճախ է հպարտանում տնտեսական հաջողություններով, ներդրումների ներգրավմամբ ու ռուսական կապիտալի մուտքով։ Սակայն ուշագրավ է, որ նա երբեք չի նշում այդ հաջողությունների իրական հիմքը՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Նա չի խոսում այն մասին, որ այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ Սերժ Սարգսյանի տարիների ռազմավարական որոշման՝ Հայաստանն ինտեգրել ԵԱՏՄ տնտեսական և անվտանգության համակարգին։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Սերժ Սարգսյանի կողմից եղել է ոչ թե գաղափարախոսական ուղղվածություն, այլ՝ խորը պրագմատիկ և անվտանգային որոշում։ Այն ապահովեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության՝ տնտեսական դիմակայունությունը, առևտրային բազմակողմանիությունը և հնարավոր դաշնակիցների շրջանակի պահպանություն։ Չնայած հասարակության և քաղաքական հատվածների սուր բևեռացվածությանն այս հարցում, տարիների հեռվից միտումն ապացուցեց՝ որոշումը եղել է ժամանակին, կանխատեսելի և հաշվարկված։
Եվ քանի դեռ ներկա իշխանությունը քաղում է այդ որոշման պտուղները, պարտավոր է հիշել նաև դրա հեղինակին։
ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ