Ռուսաստանը պարզապես հասկացնում է ՀՀ-ԵՄ ինտեգրացիայի թեմայի ողջ սնանկությունը. Սիմոնով

ՌԴ պաշտոնյաները շարունակում են ՀՀ իշխանություններին զգուշացնել եվրաինտեգրման հետևանքների մասին: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են:

«Ըստ այդմ, մեր հայ գործընկերները հավանաբար ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ-ի միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին անդամակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը, և դա արտահայտվում է, առաջին հերթին, Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։

«Վերջին մեկ տարվա ընթացքում այն ​​կազմել է շուրջ 6%: Մյուս կողմից, ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար։ Սա պահանջների և չափանիշների մի շարք է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով:

Կարդացեք նաև

Եթե ​​Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով, և իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից։

Սրանք բոլորը հիմնականում վաղանցիկ գաղափարախոսություններ են, այլ ոչ թե իրական տնտեսական համագործակցություն։ Այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չենք խոսում այն ​​մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է նա:

Նա հույս է հայտնել, որ Երևանում տեսնում են այս իրավիճակը և համապատասխանաբար գնահատում։

«Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին և բոլոր փորձագիտական ​​հանդիպումներին»,- ասել է Գալուզինը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ  Ռուսաստանից անընդհատ անդրադառնում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հնարավորության թեմային, ու բնական է, որ պետք է ներկայացնեն, թե հնարավոր չէ մաս կազմել երկու այս միություններին:

Ըստ նրա, սրա նպատակն այն է, որ հայկական կողմը պաշտոնական մակարդակում հստակեցնի, թե դեպի որ կողմ է պատրաստվում ընթանալ, ինչպես նաև հասարակության համար պետք է  հասկանալի լինի իրավիճակն իր բոլոր նրբություններով:

«ԵՄ-ն ներկայումս միայն խնդիրներ ունի, այդ թվում՝ տնտեսական, իսկ ԵՄ ընդլայնման հեռանկարները միջազգային իրադրության պատճառով էականորեն պակասել են: Սակայն ԵՄ ինտեգրացիայի թեման ԵՄ-ի համար կարևոր գործիք է դարձել հետսովետական տարածքում ազդեցության խնդիրները լուծելու համար: Ե՛վ ԵՄ-ում, և՛ ՀՀ-ում լավ հասկանում են, որ ՀՀ-ի ԵՄ անդամակցության հավանականությունը չափազանց փոքր է, հաշվի առնելով թե՛ հարավկովկասյան զարգացումները, թե՛ զարգացումները Եվրոպայի ներսում, խնդիրներն այնտեղ օրեցօր սրվում են, ուստի սա մեկ-երկու տարվա զարգացումների թեմա չէ, ինչպես Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդավայի և այլոց դեպքում: Ուկրաինայից հետո, առավել ևս՝ ԵՄ ընդլայնման   հարցերն էլ ավելի են բարդացել»,- նման տեսակետ հայտնեց Սիմոնովը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ն իսկապես օգտակար է Հայաստանի համար, առավել օգտակար է, երբ սկսում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցել Իրանը, ուստի ռուսական կողմն այս ամենի մասին նշում է՝ հստակ ներկայացնելով՝ ինչ սպասել եվրոպական հեռանկարներից, որպեսզի հասարակության համար իրավիճակը պարզորոշ լինի:

«Ակնարկն այն է, որ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ ինտեգրացիայի ճանապարհով, որի մասին դեռ չի հայտարարվում, այդ մասին ԵՄ-ն ևս չի խոսում, դա նշանակում է այնուամենայնիվ հրաժարվել ԵԱՏՄ օգուտներից: Եվ հարցը հետևյալն է՝ հրաժարվել ինչի՞ դիմաց, արդյունքները թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես պետք է տեսանելի լինեն: Իսկ ԵՄ-ն ներկայումս ունի թե՛ բազմաթիվ ներքին խնդիրներ, թե՛ ընդլայնման հարցում բարդություններ: Նման իրավիճակում հայկական կողմն ինքնին չի կարող հստակ որոշում կայացնել, հատկապես, երբ ԵՄ-ից ևս հստակություն չկա, ուստի ՌԴ-ն, հաշվի առնելով այս բոլոր խնդիրները, ներկայացնում է իր դիրքորոշումը, ինչպես նաև ռեալ իրավիճակը՝ այդ թեմայի ողջ սնանկությունն է ներկայացնում»,- ասաց Սիմոնովը:

Տեսանյութեր

Լրահոս