Ալիևը, Մեհրիբան Ալիևան, Բայրամովը, Միրզոյանը, Օրբանը՝ մեկ հարկի տակ․ Անթալիայում մեկնարկել է դիվանագիտական ֆորումը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բռնկված ներքին ցնցումների ֆոնին տեղի է ունենում Անթալիայի դիվանագիտական ամենամյա ֆորումը։ Այս տարի այն մեկնարկել է այսօր՝ ապրիլի 11-ին, և կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։

Թուրքիայի տուրիստական մայրաքաղաքն այս օրերին կհյուրընկալի հարյուրավոր դիվանագետների, նախարարների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև երկրների մի շարք ղեկավարների։

Կազմակերպիչները հաղորդում են, որ ֆորումը պետք է շեշտադրի դիվանագիտության կարևորությունը մասնատվող աշխարհակարգի պայմաններում։

Թուրքական Անթալիայում է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ով արդեն հանդիպել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ինչը վերջին մեկուկես ամսվա ընթացքում վերջիններիս երկրորդ հանդիպումն է։

Կարդացեք նաև

Անթալիայի ֆորումին մասնակցելու է նաև Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, Միլլի մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը։ Ադրբեջանն այս ֆորումին հյուրընկալվում է բարձրաստիճան ու բավականին ընդլայնված կազմով։

Դիվանագիտական ֆորումին կմասնակցեն նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱԳ նախարար Մակա Բոչորաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և այդ երկրի ԱԳ նախարար Պիտեր Սիյարտոն, Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով պետական նախարար Սթիվեն Դոուտին, Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, Պարսից ծոցի ռեգիոնում ԵՄ ներկայացուցիչ Լուջի Դի Մայոն և այլ գործիչներ։ Հայաստանից ֆորումին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակը հաղորդեց, որ Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Այսօր Անթալիայում Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք պաշտոնակից Այշե Էքինչիի հետ, որի վերաբերյալ X-ում գրառում է արել Կոստանյանը՝ նշելով, որ կարևոր քննարկում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ ՀՀ ԱԳ նախարարի շփումների մասին հստակ որևէ տեղեկատվություն չի հաղորդվել, միայն պաշտոնապես ասվել է, որ նախատեսվում են երկկողմ շփումներ։

Կարելի է ենթադրել, որ ընդունող կողմը կհանդիպի Միրզոյանին Ֆիդանի մակարդակով։ Սակայն նման միջոցառումներին չեն բացառվում նաև այլ նախաձեռնություններ, ինչպես նաև շփումներ։ Հաշվի առնելով Անթալիայում Բայրամովի ներկայությունը, չի կարելի բացառել շփում կամ հանդիպում Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում Լավրովի կամ այլոց հետ։

Ռուբեն Ռուբինյանի հնարավոր շփումների վերաբերյալ ևս որևէ տեղեկատվություն չի հաղորդվել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս Անթալիա կմեկնի, սակայն վաղը։ Ինչպես օրերս հաղորդեց Մարիա Զախարովան, միջոցառման ընթացքում նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։

«Ակնկալվում է, որ կքննարկվեն միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև առանձին պետությունների հետ հարաբերությունների արդի հարցեր»,- ասել էր Զախարովան

Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։ Նա այս իրավիճակը մեկնաբանել է՝ որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։

Տեսանյութեր

Լրահոս