
ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Եմենում կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ ռազմական օդանավերն ապրիլի 8-ի երեկոյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին, որի հետևանքով, առողջապահության նախարարության տեղեկություններով, զոհերի թիվը հասել է 6 -ի, վիրավորվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։
Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին:
Այս մասին հաղորդում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։
Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր՝ փլատակներից տուժածներին փրկելու և ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։
Բացի այդ, ԱՄՆ ռազմական օդանավերը Ջաբալ ալ-Շամհի շրջանում երեք գրոհով թիրախավորել են Բադան թաղամասի կապի ցանցը։ Եվս 10 օդային հարվածների թիրախ է դարձել Նուկում լեռը, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք։
ԱՄՆ-ն նաև օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր՝ ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա:
Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Ադենի ծոցում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: