
Նիկոլական Հայաստանի բարոյական նոր կոդեքսը. պատիվն ու արժանապատվությունը՝ Քրեական օրենսգրքի հույսին

Իշխող քաղաքական ուժի պատկերացումները ժողովրդավարության նկատմամբ ի սկզբանե ձևախեղվեցին Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելուց և գործադիրից կոալիցիոն գործընկերներին դուրս մղելուց հետո, իսկ պատերազմից հետո տեղի ունեցած ընտրություններից հետո քրեական ենթամշակույթին շատ մոտ բարքերը բյուրեղացան` դառնալով կայուն վարքագիծ, բայց մի յուրահատկությամբ, որ պատվի ու արժանապատվության չափանիշներն այնքան նեղացան, որ առօրյա վարքագծի իրացման համար կարիք առաջացավ ունենալ պետության աջակցությունը, որովհետև հասարակությունը պատրաստ չէր այն աստիճանի հանդուրժողականության, որ անտարբեր ու անհաղորդ նայեր, թե ինչպես են հանձնում մի բուռ մնացած հայրենիքի կտորները, ինչպես են ոչնչացնում ազգային ինքնության հետ կապ ունեցող ցանկացած բան, այդ թվում՝ ազգային արժանապատվությունը:
Իսկ պետության միջամտության համար ամենահարմար գործիքը Քրեական օրենսգիրքն է, որը կարելի է կիրառել և՛ իշխանությունների քաղաքականությանը անհամաձայնություն հայտնողների նկատմամբ, և՛ քրեական օրենսգիրքը կիրառողներից դժգոհների նկատմամբ: Քրեական օրենսգիրքը, իրոք որ, շատ ունիվերսալ գործիք է:
Երևի այս գաղափարի հեղինակն իտալական «Չիպոլինո» հեքիաթի մոլի երկրպագուներից է եղել, բայց պետք է ընդունել, որ գաղափարն իրոք կենսունակ է և այն աստիճանի, որ արդեն իսկ ձևավորվել է ՔՊ-ական ենթամշակույթ` իր արատավոր դրսևորումներով, որոնց քրեաիրավական գնահատականը չի տրվում այն պարզ պատճառով, որ ոստիկանական և դատախազաքննչական համակարգը դարձել են այդ արատավոր շրջանի մի մասը:
Նույնիսկ հատուկ համակարգչային ծրագիր են գնել Քննչական կոմիտեի (ՔԿ) համար, որ կարողանան քրեադատավարական կարգով անբիծ պահել իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, երբեմն անգամ՝ իրենց արժանապատվության նսեմացման գնով:
Բարոյական նորմերի նսեմացման արտառոց օրինակներ են ցույց տալիս հավաքների և միտինգների մասնակիցներին ձերբակալող գունավոր ոստիկաններն ու նրանց դեմ ներկայացված հաղորդումներով քրեական գործերը տուժած ձերբակալվածների վրա շուռ տվող քննիչներն ու այդ էպոսները մեղադրական եզրակացության ժանրում դատարան ներկայացնող դատախազները, որոնց նյարդայնացնում է ազատության մեջ գտնվող հավաքի յուրաքանչյուր մասնակից:
Օրինակ՝ կիսաքրեական բարքեր դավանող ոստիկաններն Ազգային ժողովի պատգամավոր են ծեծում այն պատրվակով, որ նա իբր իրենց հայհոյել է, միևնույն ժամանակ իրենց թույլ են տալիս փողոցային վերջին հայհոյանքները հնչեցնել այն մարդկանց հասցեին, որոնց կոչված են պաշտպանելու՝ անտեսելով կանանց ներկայությունը, ձերբակալելու փոխարեն՝ ոհմակով ծեծել մարդկանց և լացակումած զեկուցագրեր գրել, որ ձերբակալվածը մենակ չորս-հինգ հաղթանդամ ոստիկան է ծեծել ավտոմեքենայում, և դրանից հետո էլ առանց ամաչելու կրած համազգեստից՝ կարողանում են փողոց դուրս գալ ու տղամարդկությունից խոսել (ի դեպ, նախկինում համազգեստի պատիվ հասկացություն էլ է եղել):
Հետաքրքիր է` արդյո՞ք այդ տուն պահելու գաղափարով ապրողները գիտակցում են, որ վաստակում են իրենց հասցեին ժողովրդի կողմից հնչեցված հայհոյանքները և ծեծի միջոցով չեն կարող մաքրել իրենց կորսված պատիվը, որն անդրադառնալու է նաև իրենց մերձավորների ու երեխաների վրա:
Արդյո՞ք պատկերացնում են դատաիրավական ոլորտը ներկայացնող այդ տուն պահողները, որ մարդկանց ձերբակալելու համար կեղծ օպերատիվ տվյալներ ներկայացնելը ոչ միայն օրենքի պատասխանատվության տիրույթում է, այլ նաև ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, որի ոչնչացմամբ զբաղված է իշխանական ողջ քարոզչամեքենան, քանի որ միայն այս պայմանի դեպքում պատգամավոր ծեծող գունավոր գլխարկավորները կարող են ժողովրդի համընդհանուր զզվանքի, քամահրանքի և հայհոյանքի բեռի տակ կքած՝ անվրդով ուտել իրենց առաջ նետված կերակուրը:
Նրանցից հետ չեն մնում ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող քննիչների քննած, տրամաբանության և օրենքի հետ կապ չունեցող մեղադրական եզրակացություններով դատարան եկող դատախազները, որոնք գիտակցելով՝ քաղաքական դրդապատճառներով կամ նեղացած իշխանավորի քմահաճույքը բավարարելու համար պատրաստ են ամեն ինչ անել, որ հանկարծ կալանավայրերից ու մեկուսարաններից մարդ դուրս չգա, բայց եթե ինչ-որ մեկին էլ հաջողվում է դատարանից կալանքից տարբերվող խափանման այլ միջոցի կիրառում ստանալ, ապա դա արժանապատվության նսեմացում է դառնում դատախազի համար: Այդ վիշտն էլ փորձում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) միջոցով սփոփել՝ դատավորներին պատժելով:
Սահմանադրական դատարանի (ՍԴ) հայտնի որոշումից հետո, երբ նույնիսկ Բաքուն չհավատաց ՍԴ դատավորների իրավաբանական ակրոբատիկային, որ կարելի է անհեթեթ մեկնաբանություններով և երկու դատավորի համընկնող հատուկ կարծիքում պատմական էքսկուրսներով նսեմացնել Հայաստանի անկախության հռչակագիրը, հանկարծակի այդ որոշման շահառուներն ու ոգեշնչողները սկսեցին խոսել ՍԴ դատավորներին թիրախավորելու անթույլատրելիության մասին և նույնիսկ հիշեցին Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի հզոր ուժի մասին:
Իսկ զուգահեռաբար ՍԴ աշխատակազմը հորդորում էր ««ճիշտ» հասկանալ որոշման ոգին և զերծ մնալ իրավաբանի մասնագիտությունը նսեմացրած անձանց պատիվն ու արժանապատվությունը անարգելուց»:
Բնականաբար, Սահմանադրական դատարանի որոշումների պարզաբանման հարցում մասնագիտացած դատավորներ Վահե Գրիգորյանն ու Էդգար Շաթիրյանն էին «անհասկացող» իրավաբաններին ու բանից անտեղյակ ժողովրդին բացատրում, որ իրենց տեսածն ու կարդացածն այն չէ, ինչ մտածում են, որ բրիտանական լեզվամտածողությանը հատուկ շարադասությամբ ու հայերենին ոչ բնորոշ բառամթերքով ՍԴ առարկայազուրկ ու անբովանդակ որոշումը հայ ժողովրդի լավագույն շահերից է բխում:
Բնականաբար, դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքն էլ չեն կարդացել, դա իրենց չի հետաքրքրում, սակայն գնահատում են որպես իրավական արժեք չունեցող մի բան: Չեն կարդացել, բայց փորձում են հայերենին տիրապետող մարդկանց համոզել, որ նրանք հայերեն չեն հասկանում: Դա էլ է կրթության, արժանապատվության, բարեկրթության չափանիշ:
Դատավորը հարկ չի համարում ծանոթանալ մյուս դատավորի դիրքորոշմանը և հպարտանում է դրանով:
Երևի նման դատական կազմ ունենալու համար էր ՍԴ առջև ցույց անում Սեդա և Ստյոպա Սաֆարյանների մոտ աշխատող իրավաբան Արտաշես Խալաթյանը, որը մտաբերել է որոշ պաշտոնյաների պատիվը պաշտպանող քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը:
Այս երիտասարդն էր ՍԴ առաջ Մարտի 1-ի գործով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հետ կապված ընդվզում Բարձր դատարանի դեմ: Հիմա էլ, ի դեպ, աշխատում է այնտեղ՝ որպես Սեդա Սաֆարյանի օգնական:
Այդուհանդերձ հետաքրքիր է՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը Քրեական օրենսգրքի ու դատախազի հույսին թողած «բարձր դատարանի» դատավորները տեղյա՞կ են, որ հարևան ոչ բարեկամ երկրում կարծես թե չեն հավատում ՍԴ ո՛չ որոշմանը, ո՛չ էլ համընկնող հատուկ կարծիքի հեղինակների՝ ոչինչ չասող պատմական էքսկուրսներին: Ինչո՞ւ, որովհետև յուրաքանչուր քիչ թե շատ գրագետ մարդ, որ ծանոթ է տրամաբանության տարրական կանոններին ու սկզբունքներին, վստահաբար կարող է պնդել, որ մեկնաբանությամբ ու տարբեր պատմություններ անելով՝ անհնար է ժխտել մի բան, որը գրավոր ամրագրում է ստացել հանրաքվեով ընդունված, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող այնպիսի փաստաթղթում, որին ծանոթ է համարյա ողջ երկիրը:
Հենց դրա համար էլ պահանջում են, որ ժողովուրդը կա՛մ հանրաքվեով հրաժարվի Անկախության հռչակագրից, կամ էլ Սահմանադրական դատավորների շեֆի քաղաքական ուժին նորից ընտրի արտահերթ կամ որևէ այլ ձևի ընտրություններով:
Ինչևէ, ո՛չ Արման Դիլանյանի, և ո՛չ էլ Վլադիմիր Վարդանյանի՝ ոչինչ չասող իմաստազուրկ ելույթներն ի զորու չեն վերականգնելու այլևս այդքան էլ Բարձր չհամարվող դատարանի՝ առանց այդ նսեմացված հեղինակությունը:
Ո՞վ է այլևս հավատալու և գնահատելու «Բարձր դատարանի» որոշումների իրավական արժեքը, երբ ակնհայտ դարձավ, որ իշխող քաղաքական ուժի թեթև ձեռքով այն դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավական հարցերի ենթահանձնաժողով, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ ընտրություն վավերացնող գրասենյակի ամպլուայից: