
Ալիևն Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիքիին:
APA-ի հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված են կարևոր նախագծեր՝ տնտեսական-առևտրային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար:
Ֆարզանե Սադիքին ասել է, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում: Ըստ նրա՝ Իրանի նախագահի՝ Ադրբեջան նախատեսված այցից առաջ հանձնաժողովի նիստի անցկացումը շատ կարևոր է օրակարգային հարցերը քննարկելու համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը, Արաքս գետի վրա Աղբենդ և Քյալյալե բնակավայրերը միացնող ավտոմոբիլային կամրջի կառուցման նախագիծը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր: