«Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, քանի որ այդ դեպքում ուշադրության կենտրոնում ամբողջությամբ կլինի Իրանը». Դավիթ Հարությունով

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի։

Մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ գեներալը նշել է, որ Իրանն ուղղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ։

«Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը»,- ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը դրժել է JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) շրջանակում տրված իր բոլոր խոստումները:

Հիշեցնենք, որ Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը՝ հայտարարելով, որ կբանակցի միայն 3-րդ երկրների միջոցով: Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

Կարդացեք նաև

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծությունը կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել»,- ասել է նա:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, ի՞նչ է սպասվում Հայաստանին, Ադրբեջանն այդ դեպքում կօգտագործի առիթը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի խոսքով՝ չնայած երկուստեք կոշտ հայտարարություններին, այս պահին Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հնարավորությունը դեռևս պահպանվում է, այլ հարց է, որ այդ բանակցությունները կարող են և արդյունք չտալ, քանի որ Արևմուտքը բավականին լուրջ զիջումներ է պահանջում Իրանից։

«Բանակցությունների ավարտին հնարավոր է՝ ուժային տարբերակի հավանականությունը մեծանա։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հիմնական մոտեցումն այն է, որ մտածում են՝ Իրանն այսքան թույլ դժվար հետագայում լինի, ուստի պետք է հնարավորությունների այս պատուհանն անպայման օգտագործեն։ Թույլ ասելով՝ նկատի ունեմ թե՛ իրենց տարածաշրջանային քաղաքականության առումով, որը շատ լուրջ հարվածներ ստացավ, թե՛ Իրանի ներքին իրավիճակի հետ կապված՝ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։

Այս համատեքստում քաղաքագետը նշեց, որ Իրանի ու Արևմուտքի կոնֆլիկտայնությունը մշտապես ազդել է նաև Հայաստանի վրա, անկախ այն հանգամանքից, թե այդ կոնֆիկտայնությունն ինչ մակարդակի է եղել։

«Նախկինում Արևմուտքը մշտապես աչք էր փակում, որ իր կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Հայաստանը շրջանցում է, սակայն հիմա այդպես չէ, քանի որ հայտնվելու է ճնշման տակ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է ընտրի կա՛մ Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, որը կենսական կարևոր է Հայաստանի համար, կամ պատժամիջոցների առումով հայտնվել Միացյալ Նահանգների հարվածների տակ։ Եթե Իրանի դեմ ինչ-որ փուլում եղավ ռազմական գործողություն, ապա դրանից կօգտվի նաև Ադրբեջանը։ Ինքս չեմ բացառում, որ այս տեղեկատվական արշավը, որը սկսել է Ադրբեջանը, ինչ-որ կերպ կարող է դրա հետ կապ ունենալ։ Նախկին փորձը մեզ ցույց է տվել, որ Ադրբեջանը մի քանի ամիս կարող է տեղեկատվական արշավ սկսել Հայաստանի դեմ, ագրեսիայի համար հող նախապատրաստելու համար։ Ադրբեջանի այս արշավը կարող է հասնել իր գագաթնակետին այն ժամանակ, երբ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները որևէ դրական արդյունք չտան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նպատակին՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, և Իրանից հնչող հայտարարություններին, որ պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, Դավիթ Հարությունովը նկատեց՝ իրականության մեջ դժվար է ասել, թե Իրանը որքան հեռուն կարող է գնալ ՀՀ տեսակետն այս հարցում պաշտպանելու առումով։

Նա չի կարծում, թե Իրանը կարող է ուժ գործադրել, օրինակ, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա՝ «միջանցք» բացելու համար։

«Իրանի միջամտությունը կոնֆլիկտի տարածաշրջանը կմեծացնի, քանի որ, եթե Իրանը միջամտի, դրան կհետևի Թուրքիայի միջամտությունը՝ կլինի Իրան-Թուրքիա կոնֆլիկտ, բայց ՀՀ տարածքում։ Իրանի դիրքորոշումն ավելի շատ դիվանագիտական բնույթ է կրում, բայց դա էլ Ադրբեջանին զսպող ինչ-որ դեր խաղում է։

Մեկ նկատառում ևս՝ Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, քանի որ այդ դեպքում ուշադրության կենտրոնում ամբողջությամբ կլինի Իրանը։ Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները մշտապես եղել են այն ժամանակ, երբ աշխարհում գլոբալ ինչ-որ գործընթացներ են տեղի ունեցել։ 2020 թվականին կորոնավիրուսի ճգնաժամն էր, 2022 թվականին՝ ուկրաինական պատերազմն էր, և այլն»,- շեշտեց Դ. Հարությունովը։

Խոսելով Ռուսաստանի մասին, քաղաքագետն ասաց՝ Ռուսաստանը դեռևս զբաղված է Ուկրաինայով, քանի որ Հարավային Կովկասում ինչ տեղի է ունենում, Ռուսաստանը դրանց արձագանքում է միայն դիվանագիտական հայտարարություններով։

«Ռուսաստանն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, եթե ինչ-որ կերպ այդ կոնֆլիկտը սառեցվի, ապա Ռուսաստանն ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասին»,- ընդգծեց Դավիթ Հարությունովը։

Տեսանյութեր

Լրահոս