
Ավելի շատ տուժելու են այն երկրները, որոնք ներմուծում են ոչ միայն ապրանքներ, այլև ֆինանսներ՝ պարտքեր․ տնտեսագետ

ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն շրջանցի Հայաստանը․ Միացյալ Նահանգներ ներկրվող Հայաստանի ապրանքների համար կգանձվի 10 տոկոս տուրք։ Տնտեսագետները նշում են՝ սա նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչն էլ ակնհայտորեն կազդի մրցունակության վրա։
«Ոչ մի լավ բան չպետք է սպասել դրանից․ այն, ինչ անում է նախագահ Թրամփը, տրամաբանությունից ու հարյուրամյա թրենդից դուրս է»,- 168․am-ի հետ զրույցում հակիրճ նկատեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը և մանրամասնեց, որ սա ԱՄՆ-ի՝ գլոբալ տիրապետության իր հեգեմոն դիրքը պահպանելու հաջորդ փուլն է։
Ըստ նրա՝ Բայդենի «сovid»-յան ծրագիրը ևս պետք է այդ համատեքստում դիտարկել։
«Առնվազն 80 տարվա ընթացքում՝ բրետոն-վուդսյան պայմանավորվածություններից ի վեր, դոլարը դարձավ համաշխարհային վճարամիջոց, որը, բացառությամբ Սովետական Միության, ուներ իր հեգեմոնիան և միջազգային տարբեր կառույցներով փորձում էր թելադրել այդ հեգեմոնիան։ Բայց վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում այդ հեգեմոնիայի հեռանկարը մշուշոտ է․ հանդես է եկել Չինաստանի նման գերտերություն, և, ըստ էության, ապագան նրանն է։ Ու հիմա ինչ որ անում է Թրամփը, նպատակը մեկն է՝ խառնել բոլորի խաղաքարտերը, միջազգային ինստիտուտները ոչնչացնել»,- նշեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ այսօր ֆորմալ գոյություն ունեցող կազմակերպություններում հարցեր չեն լուծվում։
Մաքսատուրքերի աղյուսակին անդրադառնալով՝ Ատոմ Մարգարյանը նկատեց, որ այն առաջին հերթին ուղղված է Չինաստանին, որի համար սահմանվել է 34 տոկոս տուրք, ապա՝ Եվրոպական Միությանը։
Նա հավելեց, որ Թրամփը չի առաջնորդվել ռազմավարական, գործընկերային ինչ-ինչ սկզբունքներով և փոխարենը՝ առաջ է քաշել «Ամերիկան՝ առաջին հերթին» լոզունգը, ինչը հատուկ էր նաև նրա նախորդ նախագահության շրջանին։
Մաքսատուրքերի ազդեցության մասին իր գնահատականներում Ատոմ Մարգարյանն արձանագրեց՝ շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են կոնտր-մաքսատուրքերով պատասխանել ԱՄՆ-ին։ Ու եթե Չինաստանն այս առումով առաջինն էր, ապա եվրոպական երկրներն այլ պատմություն են, քանի որ նրանք խնդիր ունեն ՆԱՏՕ-ի հովանու տակ լինելու և ռազմական ծախսերն ավելացնելու և, հետևաբար՝ նրանք, հնարավոր է՝ չպատասխանեն։
«Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքները, որոնք հիմնականում սպառում են հայ համայնքի ներկայացուցիչները, թեև կշարունակեն արտահանվել, բայց ծավալներն ինչ-որ չափով կնվազեն,- հայաստանյան տնտեսական հեռանկարներն այս համատեքստում դիտարկելով՝ նշեց մասնագետը, իսկ ընդհանուր արձանագրումներում՝ շեշտեց,- Բոլոր դեպքերում, այն, ինչ կնվազի դեպի ԱՄՆ արտահանումների շրջանակում, կարող է կոնպենսացվել այլ ուղղություններով, բայց այլ ուղղությունները, մասնավորապես՝ ԵԱՏՄ և Մերձավոր, Միջին Արևելքի շուկաներն ավելի ցածրակարգ են, և վաճառքները նույնչափ եկամուտներ չեն ապահովի»։
Դեռևս ենթադրությունների մակարդակով գնահատելով առկա որոշման հետևանքները՝ նա ընդգծեց, որ այն նաև կազդի գնաճային ֆոն ստեղծելու իմաստով։
«Գները կաճեն ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհում ընդհանրապես, որովհետև երկրներն այս կամ այն կերպ արձագանքելու են, կազդի նաև ԱՄՆ-ի վճարային հաշվեկշռի վրա։ Ի վերջո, այն դեֆիցիտը, որ կա, ու պայմանավորված է ուժեղ դոլարով, կարող է հետահայաց ազդել նաև փոխարժեքի վրա։ Դոլարը կարող է թուլանալ, ինչն էլ կարող է բանկերից բերել ակտիվների, կանխիկի փախուստի։ Ու այն ընկերությունները, որոնք բորսաներում իրենց բաժնետոմսերը գնանշում են, նրանց բաժնետոմսերի կուրսը կընկնի միանշանակ։ Այսինքն, սա մասսայաբար կարող է բերել բաժնետոմսերի և կորպորատիվ ակցիաների վաճառքի։ Ու այս մթնոլորտն էլ կարող է ազդել ընդհանուր ներդրումային միջավայրի վրա։
Չնայած մեր էկոնոմիկան հատկապես վերջին 7-8 տարիներին առանձնապես չի փայլում, բայց, բոլոր դեպքում, սա ֆոն է, որը բացասաբար կանդրադառնա բոլոր տեսակի օտարերկրյա ներդրումների, այդ թվում՝ պորտֆելային ներդրումների վրա․ գաղտնիք չէ, որ և՛ մեր կառավարությունն է մեծածավալ փոխառություններ իրականացնում բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, և՛ մասնավոր բանկերը, խոշոր ընկերություններն են արտաքին աղբյուրներից դոլարային փոխառություններ ներգրավում»,- ասաց տնտեսագետը։
«Գլոբալ տնտեսությունն ակնհայտորեն հայտնվելու է տուրբուլենտության մեջ, և դրանից ավելի շատ տուժելու են այն երկրները, որոնք փոքր են, ունեն բաց տնտեսություններ և աչքի չեն ընկնում ռեսուրսներով, որոնք վճարային հաշվեկշռի մեծ դեֆիցիտներ ունեն, այսինքն՝ ավելի շատ ներմուծում են ոչ միայն ապրանքներ, այլև ֆինանսներ (ներգրավում են պարտքեր), ինչպես Հայաստանը»,- ամփոփեց Ատոմ Մարգարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր կողմից խոստացված առևտրային տարիֆների ուժի մեջ մտնելու հրամանի մասին, որն ավելի հայտնի է՝ որպես «փոխադարձ տարիֆներ»: Ուղիղ եթերով հանդես գալով, նախագահ Թրամփը դիմեց իր հայրենակիցներին՝ ասելով, որ «2025թ. ապրիլի 2-ը պատմության մեջ է մտնելու՝ որպես ազատագրման օր, երբ վերածնվել է երկրի տնտեսությունը, և երբ երկիրը վերագտել է իր բախտը»: Ի դեպ, հենց այդ ելույթի ընթացքում նա ցուցադրել էր աղյուսակը, որտեղ ներկայացված են ավելի քան 100 երկրներ և տուրքերի սահմանված չափերը։
2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար. ԱՄՆ-ի ապրանքային արտահանումը Հայաստան կազմել է 160.8 միլիոն դոլար, ինչը 14.8%-ով պակաս է 2023-ի ցուցանիշից, ԱՄՆ-ի ապրանքային ներմուծումը Հայաստանից կազմել է 121.6 միլիոն դոլար, որն 8.4%-ով նվազել է 2023-ի համեմատ։