Հայաստանը՝ շոկային էֆթանազիայի ռեժիմում․ հաջորդ հարվածը՝ ապրիլի 24-ին

Մինչ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքն ալեկոծված է Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, մինչ մի մասը շունչը պահած սպասում է ընդդիմության միասնական որոշմանը, իշխանությունները՝ դրա տապալմանը, աղմուկի արքա Նիկոլ Փաշինյանը գրեթե լուռ է։

Շատերը կշտապեն դա բացատրել նրա խուճապային տրամադրություններով, անելիքի բացակայությունից առաջացած ցայտնոտով, բայց դա հազիվ թե կհամապատասխանի իրականությանը։ Ոչ այն պատճառով, որ Փաշինյանին խորթ է խուճապը կամ ցայտնոտը, այլ որովհետև, Գյումրիի ընտրությունները՝ որքան էլ նրա համար կարևոր, բայց միակ հոգսը չեն այսօր։ Ու թեև դրանք կարևոր են իշխանության պահպանման տեսանկյունից, բայց համապետական մակարդակում սպասվող ընտրություններում նրա սպասելիքը ոչ միայն ու երևի ոչ այնքան ներքաղաքական զարգացումներից է, որքան արտաքին խաղացողների բարեհաճությունից, ինչի ուղղությամբ էլ ամենայն հավանականությամբ Փաշինյանը զբաղված է հենց այս պահին։ 

Առջևում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, և ընդամենը երեք շաբաթ անց Փաշինյանը հանդես է գալու դրան նվիրված ուղերձով։ Նա չի կարող ուղղակի կրկնել ոչ միայն իշխանության գալու հաջորդ տարիներին հղված, այլ  անգամ 2024 թվականի անատամ ուղերձը, որում գրեթե ակնհայտ էին Հայոց ցեղասպանության ուրացման, դրա միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարման նրա մտադրությունները։

Անցած մեկ տարվա ընթացքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակներում Փաշինյանն այդ հարցում արդեն կոտրել է տաբուներ, անցել է կարմիր գծեր՝ տարբեր լղոզված ձևակերպումներով առաջ մղելով այն հակագիտական ու ապազգային թեզը, թե հայերն են մեղավոր Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու համար։

Կարդացեք նաև

Եվ ահա այս տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, նա այդ ցնդաբանությունն ամենայն հավանականությամբ ներառելու է Հայաստանի Հանրապետության ղեկավարի՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ հղվող ուղերձում, ինչից հետո հայ հասարակությունը, հայ ժողովուրդն ապրելու է հերթական շոկը, մի քանի օր կամ մի քանի շաբաթ հայհոյելու է Նիկոլ Փաշինյանին, և կյանքը շարունակվելու է՝ մինչև հաջորդ շոկը։

2020 թվականի արցախյան պատերազմից հետո, արդեն շուրջ հինգ տարի Հայաստանն ապրում է հաջորդական ու մշտական շոկերի պայմաններում, որոնց մեծ մասի հեղինակը գործող իշխանությունն է։  Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ շոկ իր այլանդակությամբ ստվերում է նախորդի թողած ազդեցությունը։ Հայաստանի հանրային, քաղաքական համակարգերի դիմադրողականության բացակայությունն արտահայտվում է նրանում, որ դրանք որևէ իրական քայլ չեն կատարում հեշտ կանխատեսելի շոկերը գոնե մասամբ կանխարգելելու համար և առավելագույնը զբաղված են շոկերին հիմնականում էմոցիոնալ արձագանքելով։

Իշխանությունը, օրակարգ թելադրողի մենաշնորհին զուգահեռ ու նաև դրա հաշվին՝ տոտալ մոնոպոլիա ունի նաև հանրությանը շոկի ենթարկելու հարցում։ Բազմաթիվ բարդ խնդիրների դեպքում հայտնի «շոկային թերապիայի» փոխարեն՝ Հայաստանի դեպքում կիրառվում է շոկային էֆթանազիայի մեթոդը, որի հերթական սեանսը տեղի կունենա ընդամենը երեք շաբաթից։ 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս