Գյումրին մերժել է Նիկոլին. հուսամ՝ Մարտուն Գրիգորյանը չի հիասթափեցնի հենց այդ գյումրեցիներին. Նաիրա Զոհրաբյան

«Օրեր առաջ Փարաքարում և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ու քաղաքացիների քվեարկությունները եկան ապացուցելու, որ այդ համայնքներում մարդիկ գնացին և ընտրեցին ոչ թե իրենց բակն ու տանիքը նորոգելու խոստում տվողներին, այլ «Ո՛չ Նիկոլ» կարգախոսի օգտին։ Գյումրեցին ու փարաքարցին քվեարկեցին ոչ թե այն բանի համար, որ համայնքի ղեկավարները գան, իրենց համար ասֆալտ փռեն, այլ նրա, որ Փաշինյանին հեռացնելու գործընթացի մեկնարկ տրվի։ Հետևապես, հույս ունեմ, որ ընդդիմությունը կկարողանա կայացնել այդ ընտրությունների արդյունքների վրա հիմնված ադեկվատ որոշում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Հույս ունեմ՝ Մարտուն Գրիգորյանը ճիշտ որոշում կկայացնի. ինչպես ինքն է ասել՝ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի՛ ունենա։ Իհա՛րկե, հաշվի առնելով հարցի նրբությունն ու զգայունությունը, գյումրեցիների սպասումը, կարելի էր այսքան սպասեցնել տալ. եթե ես նրա տեղը լինեի, չէի սպասեցնի, բայց, միևնույն ժամանակ, չեմ ուզում հավատալ անգամ, որ Մարտուն Գրիգորյանը կարող է ոչ արժանապատիվ որոշում կայացնել և հիասթափեցնել գյումրեցիներին. այն գյումրեցիներին, որոնք մերժել են Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց նա։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ այժմ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական միավորները, քաղգործիչները պետք է քննարկեն և ընդունեն ամենաօպտիմալ որոշումները. այնպիսիք, որոնց պարագայում Գյումրու ղեկավարը կլինի քիչ խոցելի։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ Մարտուն Գրիգորյանը կգնա քաղաքապետի պաշտոնի՝ վերցնելով հայրենիք վաճառածների ձայները։ Չեմ կարծում, որ Մարտուն Գրիգորյանը պատրաստ է այդ գնով դառնալ Գյումրու ղեկավար։ Կարծում եմ՝ չի լինի սցենար, երբ ՔՊ-ն իշխանություն ունենա Հայաստանի երկրորդ քաղաքում։ Գյումրիում ընդդիմությանը հիմա միասնականություն է պետք՝ անկախ նրանից, թե որքան խորը տարաձայնություններ կարող են ունենալ ընդդիմադիր թեկնածուները։ Դա՛ է պետք, որովհետև չի կարող լինել ավելի անհաղթահարելի տարաձայնություն, քան տարաձայնություն քո և քո հայրենիքը ծախողների միջև, չի՛ կարող լինել ավելի անհաղթահարելի տարաձայնություն, քան տարաձայնություն քո և 5000 տղու արյուն թափածների միջև»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք Նիկոլի ռեժիմի օրոք մտել են ընտրապայքարի մեջ և պատրաստվում են դա անել, պետք է քաջ գիտակցած լինեին և լինեն, որ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի։

«Օրինակ՝ Գյումրիում և ամենուր նա կարող է կիրառել Վանաձորի սցենարը. հիշեք՝ Մամիկոն Ասլանյանը՝ որպես ընտրված քաղաքապետ, հայտնվեց բանտում միայն մի բանի համար, որ չպաչեց Փաշինյանի խաչը։ Նիկոլը բարոյական բոլոր կարմիր գծերն անցնող տեսակ է, հետևապես՝ ես կոչ եմ անում Գյումրու ավագանի անցած թեկնածուներին չքննարկել բաժանարար գծերը։ Գյումրին մերժել է Նիկոլին, հուսամ՝ Մարտուն Գրիգորյանը չի հիասթափեցնի հենց այդ գյումրեցիներին»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս