
«Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. Բնօրինակն ունեինք. Գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան

«Դատախազությունը բոլոր նմանատիպ գործերով ֆայլեր ունի: Իրենց վերլուծությունը որոշակի excel ֆայլերով են անում: Այս կամ այն փուլում դրանք տրամադրվում են և՛ դատարանին, և՛ պատասխանող կողմին: Մարտի 7-ին կայացած դատական նիստին մենք այդ հարցը բարձրացրեցինք: Դատախազության ներկայացուցիչը խոստացավ մեկ շաբաթում տրամադրել, մենք էլ խնդրեցինք ծանոթանալու համար մեկ ամիս ժամկետ»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական նիստից հետո ասաց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ անդրադառնալով այսօրվա դատական նիստը հետաձգելու՝ իրենց միջնորդության պայմաններին:
Վերջինս նշեց՝ հաշվարկային ֆայլը փոստային առաքումով իրենք ստացել են մարտի 20-ին և դրանց ծանոթանալու համար փաստացի մեկ շաբաթ ժամանակ են ունեցել:
«Միջնորդեցինք հետաձգել արդեն նշանակված բոլոր դատական նիստերը, դատարանը բավարարեց 2-ը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ մինչ նախորդ դատական նիստը դատախազությունն անընդհատ ձգձգում էր նիստերը, իսկ հիմա շահագրգիռ են արագ-արագ նիստեր նշանակելու հարցում, Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն ասաց՝ շատ առիթներով դատախազությանն իրենք հայտնել են իրենց դիրքորոշումները գույքի վերաբերյալ, որոնք վերահաշվարկ կատարելու և հայցի պահանջն էապես նվազեցնելու, եթե ոչ հայցից առհասարակ հրաժարվելու համար ամուր հիմքեր էին:
«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի: Մենք սպասում էինք վերահաշվարկին ու հայցի առարկայի փոփոխությանը, բայց նախորդ դատական նիստին պարզ դարձավ, որ որևէ վերահաշվարկ չունեն, հայցից չեն հրաժարվում, առարկան չեն պակասեցնում»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Վերջինս հիշեցրեց՝ նախորդ դատական նիստերից մեկում իրենք ներկայացրել են գործի վարույթը կասեցնելու միջնորդություն, որովհետև ապօրինի գույք որակված մեծ ծավալի գնահատականի հիմքում ընկած էր «Հայէկոնոմբանկի» կողմից տրված քաղվածք, որն իրականությանը չէր համապատասխանում:
«Այդ քաղվածքը ցույց էր տալիս, որ ընկերություններից մեկի բանկային հաշվով տարիների ընթացքում որևէ շրջանառություն չի եղել, բայց մենք ունեինք հենց «Հայէկոնոմբանկից» պահպանված բնօրինակ անդորրագրեր, որոնք ցույց են տալիս շատ խոշոր չափի շրջանառություններ այդ բանկային հաշվով: Եվ այդ առերևույթ կեղծ քաղվածքի վրա հիմնվելով՝ դատախազությունն ապօրինի է որակել 2001-2004թթ. ստացված շուրջ 4 միլիարդ դոլարի եկամուտ, և դրանից բխող հետագա եկամուտներն էլ էլի գնահատվել են ապօինի հետագա տարիների ընթացքում: Սրա վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է. բայց որևէ արդյունքի դեռ չենք հանգել: Այս հիմքով միջնորդել էինք կասեցնել այսօրվա գործով վարույթը: Դատարանը միջնորդությունը չբավարարեց»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: