
Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության մեջ և արգելել պետական պաշտոն զբաղեցնել

Ֆրանսիական դատարանը «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության նախկին ղեկավար Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության գործով և անմիջապես նրան հինգ տարով արգելել է քաղաքականությամբ զբաղվել։
France24 պարբերականը հաղորդում է, որ Լը Պենը հանկարծակի լքել է Փարիզի դատարանի դահլիճը, նախքան կլսեր, թե որքան ժամանակով են իրեն արգելում պետական պաշտոն զբաղեցնել։
Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ՝ խախտելով 27 անդամ երկրներից կազմված միության կանոնակարգերը: Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղքը:
Լը Պենի համար ամենամեծ մտահոգությունն այն էր, որ դատարանը կարող է իրեն արգելել պաշտոն զբաղեցնել, ինչն անհնար կդարձնի նրա առաջադրումը 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Նման սցենարը նա նկարագրել էր որպես «քաղաքական մահ»:
«Կա 11 միլիոն մարդ, ովքեր քվեարկել են այն շարժման օգտին, որը ես ներկայացնում եմ: Այսպիսով, վաղը, հնարավոր է, միլիոնավոր ֆրանսիացիներ զրկվեն ընտրություններում իրենց թեկնածուից», – ասել էր Լը Պենը երեք դատավորներից կազմված հանձնաժողովին:
56-ամյա Լը Պենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ պայքարում էր 2017 և 2022 թվականների նախագահական ընտրություններում։ Ըստ France24-ի՝ քանի որ Մարին Լը Պենն այլևս չի կարողանա առաջադրվել 2027 թվականին, հնարավոր է, որ նրան փոխարինի Ջորդան Բարդելլան՝ նրա 29-ամյա պրոտեժեն, որը 2021 թվականին հաջորդել է Լը Պենին կուսակցության ղեկավարի պաշտոնում։