
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Արագածոտնի մարզ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 28 այցելել է Արագածոտնի մարզ։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամլո ծառայությունը։
ՌԴ դեսպանի և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հանդիպման ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային կապերի, ինչպես նաև մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
Տեղեկատվության համաձայն՝ ուղևորության ընթացքում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև ռուսական կապիտալի մասնակցությամբ բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձնական ծրագրի՝ VS DATA ընկերության տվյալների մշակման կենտրոնի շինհրապարակ։
«Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում Կոպիրկինին ներկայացվել է ռուսական և հայկական մշակույթների ընդհանրության խորը արմատներն արտացոլող համերգային ծրագիր»,- նշված է հաղորդագրության մեջ