
Վրաստանում ծնելիությունը նվազել է, մահացությունը` աճել

Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է, մահացության մակարդակը՝ աճել, սրա մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականի տվյալները (Geostat): Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ 2024 թվականին Վրաստանում ողջ ծնվել է 39 հազար 483 երեխա, այդ թվում՝ 20 հազար 755 տղա և 18 հազար 728 աղջիկ։ 2023 թվականի համեմատ ծնելիության ցուցանիշը նվազել է 1,8 տոկոսով։ Հիմնվելով նույն տվյալների վրա` պարզ է դառնում, որ Վրաստանում տարեցտարի նվազում է ծնելիությունը։
- 2016 թվականին՝ 56.569 երեխա,
- 2017 թվականին՝ 53.293 երեխա,
- 2018 թվականին՝ 51.138 երեխա,
- 2019 թվականին՝ 48.296 երեխա,
- 2020 թվականին՝ 46.520 երեխա,
- 2021 թվականին՝ 45.946 երեխա,
- 2022 թվականին՝ 42.301 երեխա,
- 2023 թվականին՝ 40.214 երեխա:
2024 թվականին ամենամեծ թվով երեխաներ ծնվել են Թբիլիսիում՝ 14.415 երեխա, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում՝ 237 երեխա։
2024-ին, 2023-ի համեմատ, մահացությունների թիվն աճել է 2,8 տոկոսով և կազմել 43.971 մարդ։ Ամենաշատ մահերը գրանցվել են Թբիլիսիում՝ 12.492 մարդ, իսկ ամենաքիչը Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում՝ 533 մարդ:
Geostat-ը նշել է՝ 2024 թվականին Վրաստանը ունեցել է բացասական բնական աճ (կենդանի ծնվածների և մահերի թվի տարբերություն) և որոշվել է 4488 միավորով։
Նաև բացասական բնական աճ է նկատվել բոլոր շրջաններում, բացառությամբ Թբիլիսիի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Քվեմո Քարթլիի շրջանի։