
Հութիները թիրախավորել են ամերիկյան ռազմանավերը, իսկ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Թել Ավիվը և Կարմիր ծովում ամերիկյան ռազմական նավերն անօդաչու թռչող սարքերով թիրախավորելու մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին մարտի 26-ի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը վերջին մի քանի ժամում համատեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով Կարմիր ծովում հակառակորդի ռազմածովային նավերը, այդ թվում՝ ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրը։
Սարին հավելել է, որ խմբավորումն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է իսրայելական ռազմական հենակետերը Թել Ավիվի Յաֆֆայի շրջանում, և գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նա, սակայն, չի հստակեցրել թիրախների կրած վնասների մասին։
Խոսնակը նշել է, որ խմբավորումը կշարունակի իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել ագրեսիան Գազայի նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ հութիները կշարունակեն դիմակայել ԱՄՆ-ի ագրեսիային։
Յահյա Սարիի հայտարարության վերաբերյալ Իսրայելից կամ ԱՄՆ-ից որևէ մեկնաբանություն չի հնչել:
Իր հերթին Al Masirah հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը կրկին հարձակվել են Եմենի հյուսիս-արևմտյան Սաադայի նահանգում գտնվող «Անսար Ալլահ» ապստամբական շարժման զենքի պահեստների վրա։
Հութիները հաստատել են, որ ամերիկյան ավիացիան առնվազն 10 ավիահարված է հասցրել Սաադայի Ալ Սալեմ և Սահար շրջաններին, սակայն նյութական կամ մարդկային կորուստների մասին չի նշվում։
Մարտի 15-ից ի վեր ԱՄՆ-ն ինտենսիվ ավիահարվածներ է հասցնում հութիների համար կարևոր նշանակության թիրախների ուղղությամբ։2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: