Իրենք Գյումրիում չեն կարող հաղթել, բայց ընտրությունները գողանալու հնարավորություն ունեն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթն է, հանրային ու քաղաքական շրջանակները սա միայն քաղաքային, համայնքային ընտրություն չեն որակում, այլ քաղաքական։ Նշում են, օրինակ, հենց Գյումրին հնարավոր է դառնա մեծ քաղաքական գործընթացի սկիզբ, և պատահական չեն համարում, որ ընտրություններին ընդառաջ դարձյալ թիրախավորվում են ընդդիմադիր այս կամ այն գործիչները, ի մասնավորի՝ ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներ։

168am-ը թեմայի առնչությամբ քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ իշխանությունների կողմից ընդդիմադիրների հերթական թիրախավորումը Գյումրիում իրավիճակ փրկելո՞ւ համար է արվում, թե՞ ավելի մեծ քաղաքական պրոցես կանխելու։

«Մեկը մյուսի հետ կապված է։ Իշխանությունները լավ հասկանում են, որ Գյումրիում, մեղմ ասած, թույլ են իրենց դիրքերը, ռիսկերն այնտեղ շատ են։ Իրենք լավ հասկանում են՝ Գյումրիում պարտությունը կարող է իր հետևից շղթայական ռեակցիա առաջացնել՝ ձախողումներ բերելով ողջ հանրապետությունում, – ի պատասխան՝ նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը և մանրամասնեց,- Մանավանդ, որ դժգոհությունն այսօր հանրության շրջանում չափազանց մեծ է և տարաբնույթ՝ այսինքն, կապված չեն միայն, օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերություններում այս իշխանությունների կողմից որդեգրած զիջողականությամբ, այլ նաև սոցիալական ու տնտեսական խնդիրներով»։

Քաղաքագետը համոզված է՝ հենց այդ պատճառներով իշխանություններն ամեն գնով փորձելու են Գյումրին պահել իրենց ազդեցության գոտում։

Կարդացեք նաև

«Իրենք այնտեղ չեն կարող հաղթել, բայց ընտրությունները գողանալու հնարավորություն միշտ ունեն»,- հավելեց նա։

Գյումրու ընտրությունները հնարավորություն ունե՞ն դառնալ նոր պրոցեսի մեկնակետ, իրավիճակ փոխել երկրի ներքաղաքական կյանքում՝ հստակեցրինք վերլուծաբանից։

Նա վստահեցրեց․ «Այո, Գյումրին ունի այդ հնարավորությունը, և պետք է ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել էր․

«Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է։ Փաստ, որն արձանագրվել է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում։

Արձանագրում ենք նաև, որ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ մյուս անդամների և ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարի ժամանակագրությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով.

  • շուրջ յոթ տարի առաջ սկսված շինծու քրեական գործերի հարուցման շարանի երկարաձգում՝ քաղաքական հետապնդման նոր ուղիներ հորինելու նպատակով,
  • կառավարիչների առաջիկա հակապետական զիջողական գործողություններից հանրության ուշադրության շեղելը՝ փորձելով սահմանափակել նաև այդ գործողությունների դեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը։

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում այսօրվա կառավարիչները սխալվել են իրենց նենգ հաշվարկների մեջ՝ հայրենասերների արդար պայքարը ու մոտալուտ հաղթանակը կասեցնել հնարավոր չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս