
«Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք». Օզբիլիսը հավաքականի ձախողումներում մեղադրում է Մելիքբեկյանին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը թիմի ձախողումների մեջ մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Այս մասին Օզբիլիսը հայտնել է տեսաուղերձի միջոցով։ Ըստ նրա՝ փոփոխություններ անելու ժամանակն է։
«Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Ընտրությունների ժամանակ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս։ Բոլորին էլ պարզ է` դուք ֆուտբոլից ու ֆուտբոլի խաղից չեք հասկանում, բայց դուք մենեջերի հմտություններին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, ֆինանսական, իրավական մասերով։ Ամենավատն այն է, որ հույսն ու հավատը մարում է»,– տեսաուղերձում ասաց ֆուտբոլիստը։
Նա ընդգծեց, որ ֆուտբոլում կարող ես հաղթել և պարտվել, բայց վրացական կողմի հետ խաղերում գրանցված պարտություններն արդյունքն են այն ամենի, ինչ արդեն երկար ժամանակ կատարվում է հայկական ֆուտբոլում: Օզբիլիսը վստահ է` ժամանակն է գիտակցելու ու փոփոխություններ անելու։