
Արձագանքում ենք բոլոր գործընկերներին, որոնք կարող են նպաստել խաղաղության պայմանագրին. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննսիյանը կարծում է, որ ապագայում Հայաստանը կկարողանա ճիշտ մոդել գտնել երկրում ԵՄ դիտորդների հետ աշխատելու համար։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
«Այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, եթե հետագայում ունենանք առաջընթաց և ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, վավերացնենք, և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, ապա մենք կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար։ Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով»,– ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե հայ- ադրբեջանական համաձայնագրում 3-րդ երկրներին սահմանից հետ քաշելու պահանջը վերաբերում է երկու երկրին էլ, ապա ի՞նչ պահանջ է դրվել Բաքվի առաջ։
«Խոսքը միայն հետ քաշելու մասին չէ, այլ ապագայում հնարավոր ուժեր ունենալու մասին։ Այդ մասով տարբեր սցենարներ հնարավոր են։ Խոսքն այն մասին է, որ երկուստեք բացառվի երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանին»,- ասաց փոխարտգործնախարարը` կասկած հայտնելով, որ դիտորդներին կարելի է սահմանին գտնվող 3-րդ ուժ համարել, քանի որ նման դեպքերում խոսքը ռազմական ուժերի մասին է։
Հովհաննիսյանի խոսքով` ԵՄ դիտորդների մանդատը ներառում է նաև վստահության հաստատման միջոցառումների անցկացում։ Ըստ նրա` Բաքվի հետ հարաբերությունների դրական սցենարի դեպքում նույնպես կարող են ճիշտ մոդելներ գտնվել դիտորդների հետ աշխատանքը շարունակելու համար:
Փխանխարարը շեշտեց, որ դա դիտորդական առաքելություն է, և տրամաբանությունը հուշում է, որ դիտորդներին սահմանից հեռացնելու պահանջ չպետք է լինի։