
Խայտառակության պարզաբանումը. Արհեստական ստեղծված թիմ, որը թիմ չէ. Արման Աբելյան

Մարզական մեկնաբան Արման Աբելյանը գրում է.
«Նախորդ գրառման մեջ նշել էի մեր հավաքականում ԹԻՄ գաղափարի բացակայության մասին, փակագծերը չբացեցի, որովհետև առջևում նոր խաղ կար։
Ուրեմն, հավաքականում «ԲԱՐԴԱԿ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ, այս ձախողումն ԱՆԱԿՆԿԱԼ չէ։ Հավաքականը ներսում բաժանված է մի քանի խմբի` տեղացիներ, Ռուսաստանից եկածներ, և այլն, և այլն…
Կան ֆուտբոլիստներ, որոնց երկար համոզելով անձնագիր են տվել, նրանք հավաքականում խաղում են անձնական շահերի համար ու երաշխավորված տեղ ունեն հիմնական կազմում։
Անառողջ վիճակի բազմաթիվ օրինակներ կան հենց ներսից, որոնք մի քանի, միմյանցից անկախ վստահելի աղբյուրներ են հնչեցրել անձնական զրույցներում։
Ֆուտբոլիստ կա` ներողություն էր խնդրում հայերեն չխոսելու համար, 2 տարի է անցել` օրհներգից մի բառ էլ չի երգում։ Տեղացիների մեջ էլ կան, որ լրիվ չեն նվիրվում, բայց խնդիրը, կրկնում եմ, անազնիվ մթնոլորտն է։
Եվ մարզիչն այս վիճակում խաղից մեկ օր առաջ «փուռն է տալիս» Ռանոսին` իրեն դնելով խիստ մարզչի տեղ։ Ոչ մի նորմալ մարզիչ նման բան չէր անի մեկ օր առաջ, այլ անհամաձայնության լուծումը կթողներ հետագայի։
Մարզիչը դրանից առաջ իր հայտարարությամբ նույն կերպ էր վարվել նաև Ադամյանի հետ` ուղղակի ասելով, որ նա այլևս չի ուզում խաղալ հավաքականում (ձևակերպում, որ մարդկանց էլ ավելի է տրամադրելու նրա դեմ)։
Եվ թող չթվա, թե Պետրակովին չէին մոտենում նման հարցերով… Արտոնյալները, հավաքականը զուտ լավ կարիերա ունենալու միջոց օգտագործողները միշտ են այդպիսին եղել։
Թիմի լիդերներն էլ իրենց տեղում չեն, այլապես Ռանոսը կխորհրդակցեր նրանցից գոնե մեկի հետ մինչև մարզչի հետ խոսելու գնալը։ Ռանոսն անմեղ չէ, բայց այս հարցն այլ կերպ և այլ պահի պետք է լուծում ստանար։
Եվ այստեղ ֆուտբոլիստների անուններն էական չեն, անառողջ մթնոլորտում ամեն ինչ հնարավոր է։ Արհեստական ստեղծված թիմ, որը ԹԻՄ չէ։ Իսկ հավաքականում դա է ամենակարևորը, ավելի, քան տակտիկան կամ տեխնիկան։
Այս ամենի միակ պատասխանատուն ֆեդերացիան է, որը ձախողվել է ոլորտների մեծամասնությունում, հավաքականն էլ ազգային չէ, այլ` միջազգային։ Եվ հավաքականն այդ խնդիրների չնչին մասն է միայն»։