
Հավաքը քաղաքական է. մենք Արցախը կորցրել ենք սխալ քաղաքականության արդյունքում. Լևոն Հայրյանը՝ մարտի 29-ին սպասվելիք մեծ հանրահավաքի մասին

Արցախի տարբեր հասարակական կազմակերպությունների, անհատների նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Բարձրաձայնվելու են տարբեր խնդիրներ, որպես առաջնային խնդիր՝ շեշտվելու է արցախահայերի հավաքական վերադարձը։
Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն ակնկալում է, որ հանրահավաքին մեծաթիվ մարդիկ են մասնակցելու՝ շեշտելով՝ այն քաղաքական հանրահավաք է լինելու, թեև վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը մի խումբ մարդկանց կուղղորդի Ազատության հրապարակ, որպեսզի ասեն, թե հանրահավաքը ոչ թե քաղաքական, այլ սոցիալական բնույթի է։
«Մարդիկ ե՞րբ են կարողանում բան փոխել, երբ նախ՝ փոխելու ցանկություն է լինում, հետո էլ՝ միասնական են լինում։ Շատ բաներ փոխելու անհրաժեշտություն կա, թեպետ վաղուց պետք է փոխեինք, ուրեմն՝ դրա համար բոլոր քայլերը պետք է ձեռնարկենք։ Կարծում եմ՝ այս անգամ մեծ թվով ժողովուրդ է դուրս գալու, ի վերջո, արցախահայերը պետք է արթնանան, մենք Արցախ ենք կորցրել։
Շատ հստակ ասում եմ՝ մեր հավաքը քաղաքական է լինելու, որովհետև մենք Արցախը կորցրել ենք ոչ թե սոցիալական ինչ-որ խնդիրների պատճառով, այլ սխալ քաղաքականության արդյունքում։ Ավելին՝ նույնիսկ ամենափոքր սոցիալական խնդիրը լուծվում է ճիշտ քաղաքականությամբ և ամենափոքր սոցիալական խնդիրն առաջանում է սխալ քաղաքականության արդյունքում։ Ուստի անհրաժեշտություն կա, որպեսզի քաղաքականությունը փոխվի՝ մենք կփոխե՞նք, թե՞ ՀՀ իշխանությունները կհասկանան, որ սխալ են անում, պետք է փոխվեն, կարևոր չէ։ Մի խոսքով՝ պետական քաղաքականությունը և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար պետք է փոխվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Հայրյանը։
Նա հիշեցրեց՝ 5 տարի առաջ էր հայտարարում, որ ՀՀ իշխանությունների քայլերը տանում են նրան, որ ուրանալու են նաև Հայոց ցեղասպանությունը, սակայն ժողովուրդն իր ասածներին չէր հավատում. այսօր այն արդեն իրականություն է։
«Հանրահավաքին հնչող ամենակարևոր ուղերձը, կոչը լինելու է այն, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Արցախը վերականգնենք, հավաքական վերադարձ լինի, իսկ դրա համար Արցախի համայնքը պետք է պահպանենք։ Սոցիալական հարցերն այս դեպքում մեզ համար առաջնային տեղում չեն, որովհետև եթե չկա Արցախի ու Արցախ վերադառնալու հարց, մնացած ամեն ինչ իզուր է։
5 տարի է՝ ես ասում եմ, որ սոցիալական աջակցությունը մեզ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի մենք այստեղ գոյատևենք, որպեսզի ապագայում վերադառնանք Արցախ։
Ի վերջո, գիտակցել է պետք, որ առանց Արցախի՝ Հայաստանը երկար չի կարող գոյատևել։ Արցախը եղել է Հայաստանի միջնաբերդը, միջնաբերդ տվողը, չի կարող բերդը պահել, որն այս դեպքում Հայաստանն է։
ՀՀ այսօրվա իշխանությունն ամեն ինչ մանիպուլացնում է, վախենում են, որ հանկարծ ապագայում մարդիկ Արցախը հետ բերեն, կպարզվի, որ իրենք այն հանձնել են»,- շեշտեց Լևոն Հայրյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հանրահավաքին շատերն են միացել, նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց քաղաքականությունը երբեք չի հետաքրքրել, նոր են գիտակցել, որ պետք է իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնեն։
«Կրկնում եմ՝ հանրահավաքին կտեսնենք մի ռեսուրս, որն ուղղորդելու է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի գան ու հայտարարեն, թե հավաքը սոցիալական բնույթի է։ Նիկոլն աշնանը ցանկանում էր նման մի ցույց կազմակերպել արցախցիների մասնակցությամբ, որպեսզի Եվրոպային ասեր, թե՝ տեսեք, փող է պետք, փող տվեք, որ օգնեմ իրենց։ Բայց կրկնում եմ՝ հավաքը սոցիալական չէ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։