
Նարեկ Զեյնալյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատից հրաժարված Քաղպայմանագրի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա, մեր տեղեկություններով` նրան կնշանակեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։
2018 թվականի դեկտեմբերից հիվանդանոցի տնօրենն է Արման Հովակիմյանը, որին այդ պաշտոնում նշանակեց այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հովակիմյանն ու Թորոսյանը ընկերներ են։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։ Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։
Ի դեպ, մի առիթով Զեյնալյանն էլ իր ղեկավարած առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում քննադատեց, որ ԲԿ տնօրենը այդքան աշխատավարձ է ստանում։ Ըստ ամենայնի` Նիկոլ Փաշինյանը Զեյնալյանին նոր պաշտոն շնորհելով մեսիջ է տալու թիմին, թե ինչ է սպասվում հնազանդներին եւ ինչ՝ ըմբոստներին, մասնավորապես՝ Հովիկ Աղազարյանին, որը քրեական հետապնդումների է ենթարկվում, իսկ օրեր անց գլխավոր դատախազը խորհրդարան է գնալու՝ նրան ԱԺ անձեռմխելիությունից զրկելու իր միջնորդությունը քննելու համար։ Փորձեցինք Նարեկ Զեյնալյանից պարզաբանումներ ստանալ, սակայն չպատասխանեց մեր զանգերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Զեյնալյանը ԲԿ-ում աշխատանքի կանցնի ապրիլի 11-ից։