
«Երբ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվեն՝ կոնֆլիկտը սահմանից փոխադրվելու է Երևանի փողոցներ». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց չկա, խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը՝ թելադրողի, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ կատարողի դերում են:
«Ցանկացած բանակցություններում, եթե չկա փոխադարձություն, ապա գործ ունենք կողմերից մեկի կապիտուլյացիայի հետ: Տվյալ դեպքում՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, գոյություն չունի փոխադարձություն, ըստ այդմ՝ արհեստականորեն ադրբեջանական կողմին թույլ է տրվել մեր հանդեպ ուժ բանեցնել բոլոր հնարավոր միջոցներով և հարթակներում: Հայկական կողմը ներկայացնողները, ովքեր հայկականության հետ որևէ կապ չունեն, այդ մոտեցումն են ընդունել: Նրանք ընդունել են, որ իրենց հետ պետք է խոսեն ուժի դիրքերից, ընդունել են ադրբեջանական կողմի բոլոր հնարավոր պայմանները և դեռ ընդունելու են, որովհետև որևէ հիմք չկա ասելու, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի մեջ կարթնանա ազգային արժանապատվության զգացումը, և ինչ-որ պահանջների նա իր համաձայնությունը չի տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ միանգամայն օրինաչափ է այն, որ Ալիևի համար այս պահին խաղաղության համաձայնագիր կնքելը ձեռնտու չէ, որովհետև կարող է ավելին ստանալ:
«Ալիևը վստահ է, որ ավելին ստանալու է իր հարճից, դրա համար այդ պահանջներն առաջ է քաշում: Ամբողջ խնդիրն այն է, թե այդ պահանջներն օրվա իշխանությունն ինչպես է բավարարելու: Հենց այնպես միջանցք չի կարող տալ, հենց այնպես Սահմանադրությունը փոխել չի կարող, որովհետև հանրությունը դեմ է՝ վերջին սոցհարցումները վկա: Չի կարող հենց այնպես վերցնել ու Ադրբեջանին հանձնել մեր ազգային հերոսներին, նախագահներին ու զորավարներին: Շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն միայն մի դեպքում, եթե հասարակությունն այնքան կոտրված լինի, իմունիտետն այնքան ընկած լինի, որ թուրքի այդ խայտառակ պահանջները կատարելը ընդվզում չառաջացնի: Իսկ սա հնարավոր է միայն նոր ռազմական աղետի ֆոնին, երբ այնպիսի մի ողբերգություն կբերվի երկրի և ժողովրդի գլխին, որ ազգի դիմադրողականությունը, ներուժը զրոյացնելով՝ այդ զիջումներն անելը կներկայացնի՝ իբր վերջնական կործանումից փրկվելու միակ հնարավորություն»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը:
Նրա դիտարկմամբ՝ պատերազմի ֆոն նախապատրաստելու ադրբեջանական քարոզչությամբ խաղարկվում է հենց այդ սցենարը, այսինքն՝ Ադրբեջանն ինֆորմացիոն ֆոն է նախապատրաստում՝ հարված հասցնելու համար:
«Դժվար է ասել, թե այդ հարվածը երբ և ինչ ուժերով ու միջոցներով կհասցվի, բայց այն, որ դա անխուսափելի է Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում, ակներև է: Ակներև է նաև, որ Նիկոլ Փաշինյանի գոյության պայմաններում այդ հարվածը բերելու է նոր ռազմական աղետի, տարածքների կորստի, մարդկային մեծ կորուստների, և նոր պարտությունը, որն արհեստականորեն մեզ մատուցվելու է, ամենայն հավանականությամբ, ըստ թուրք-ալիևյան հաշվարկների՝ կբերի հանրության վերջնական կոտրվելուն, ինչն էլ թույլ կտա Նիկոլ Փաշինյանին՝ գնալ նաև այլ զիջումների, որոնք այս պահին թվում են անհնարին: Ամբողջ ողբերգությունը հենց այն է, որ օրվա թրքահպատակ իշխանությունը գնում է այս ճանապարհով:
Հիմք ունենք ենթադրելու, որ կրկին կան ինչ-որ պայմանավորվածություններ, ինչ-որ համաձայնեցված սխեմաներ, որովհետև այլ կերպ ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները Փաշինյանը կատարել չի կարող: Կարող է միայն դրանք կատարել հասարակության դիմադրողականության չեզոքացման ֆոնին, երբ հասարակությունը կոտրված լինի՝ նոր ռազմական աղետի հետևանքով»,- ասաց նա:
Ռազմական փորձագետը նկատեց՝ այս օրերին գործող իշխանությունը զբաղված է ժողովրդին ահաբեկելով. «Դիվանագիտության պրակտիկայում գոյություն չունի նախադեպ, երբ երկրի ղեկավարն ահաբեկում է սեփական հանրությանը՝ թշնամու մաքսիմալիստական պահանջները, առավելապաշտական նկրտումները բավարարելու համար: Հակառակն է միշտ եղել, և մարդկության պատմության մեջ պատերազմը կանխելու այլ ձև գոյություն չունի, քան պատերազմին պատրաստվելը: Մեզ վախեցնում են պատերազմով: ԱԳ նախարարն էլ ԱԺ-ում, իբրև վերջին փաստարկ՝ ասել էր՝ ի՞նչ է, պատերա՞զմ եք ուզում: Հետո մամուլում հրապարակում եղավ, որ Փաշինյանը հրահանգել է իր թիմակից կոչվածներին շրջել երկրով մեկ և սպառնալ պատերազմով: Այս միտումը մենք տեսնում ենք: Պատերազմով ահաբեկելով՝ թշնամու այս պահանջներն ընդունելը նշանակում է մի բան՝ պատերազմ բերել»:
Նա նշեց, որ պատերազմով վախեցնելով՝ պատերազմ բերելը վերջին 4 տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ եղել է՝ 44-օրյայի աղետից հետո առնվազն 6-7 մեծ ու փոքր մասշտաբի ռազմագործողություն է տեղի ունեցել:
«Ադրբեջանական կողմի ագրեսիային միշտ նախորդել է Նիկոլ Փաշինյանի ամբոխի կողմից մեզ բոլորիս պատերազմով ահաբեկելը: Հիմա նույն սցենարն են ուզում խաղարկել: Հանրությունը պետք է հստակ գիտակցի, որ պատերազմին պատրաստվելով է հնարավոր միայն կանխել պատերազմը:
Ընդ որում՝ պատերազմի պատրաստվել ասելով՝ ես նկատի չունեմ միայն ԳՇ գործառույթների իրականացում, այստեղ պետության ամբողջ ներուժը պետք է ծառայեցնել՝ դիվանագիտական, քարոզչական և այլն: Եթե ադրբեջանական կողմը վստահ լինի, որ դիմադրության է հանդիպելու, և տեսնի, որ ՀՀ-ում կա այնպիսի ղեկավարություն, որն այդ ագրեսիային նախապատրաստվում է և այդ ագրեսիան սկսելու պարագայում ամբողջ իր ներուժով լծվելու է դրան դիմակայելուն, այդ ագրեսիան տեղի չի ունենա:
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ ահաբեկում է ագրեսիայով, որպեսզի մենք ընդունենք նոր կապիտուլյացիա, ապա անխուսափելիորեն սա մոտալուտ հեռանկարում բերելու է նոր ռազմական ագրեսիայի, և հեռանկարում, երբ Ադրբեջանի այդ բոլոր պահանջներն ընդունվեն, արդեն մենք հայտնվելու ենք պերմանենտ կոնֆլիկտի իրավիճակում՝ երկրի ներսում, որովհետև, օրինակ, երբ 300 հազար ադրբեջանցի բնակեցվի Հայաստանում, նշանակում է, որ կոնֆլիկտը սահմանից փոխադրվելու է Երևանի փողոցներ, Մասիսի փողոցներ, Ճամբարակի փողոցներ, Վարդենիսի փողոցներ, մեր գյուղեր»,- շեշտեց նա:
Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ եթե մեր հասարակությունը տուրք տա պատերազմով ահաբեկվելու այս մանիպուլյացիային, շատ մոտ ժամանակներում կստանա պատերազմ.
«Ահաբեկված հասարակությունն ավելի դժվարությամբ կմոբիլիզացվի, կկարողանա միավորվել ու դիմակայել ագրեսիային: Ահաբեկված հասարակությանը հաղթելը շատ ավելի հեշտ է, քան դիմադրելու պատրաստ հասարակությանը: Հետևաբար, պատերազմով ահաբեկելը, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, պատերազմ բերելու նախերգանքն է: Չենք ուզում պատերազմ, ուրեմն՝ պետք է պատրաստվենք պատերազմին»: