
Փաստաբանները դժգոհում էին հարկային փոփոխություններից, նրանց 5%-ով անվճար ծառայության քվոտա է տրվում
2025 թ. հունվարի 1-ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։ Փաստաբանները նշել էին, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորում, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հաշվի են առել փաստաբանների դժգոհությունները` կապված անվճար ծառայությունների մատուցման հարկման հետ, և այդ պատճառով նոր առաջարկով է ՀՀ կառավարությունը հանդես գալիս։
«Եթե հաշվետու ժամանակահատվում ԱԱՀ–ով հարկվող փաստաբանական բոլոր ծառայությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում հարկման բազայի 5 տոկոսը, ապա անվճար ծառայությունները չեն հարկվի։ Եթե գերազանցվի 5 տոկոսի շեմը, ապա ԱԱՀ կգանձվի միայն գերազանցված հատվածով»,– հայտարարեց նախարարը։
Ի դեպ, փետրվարի սկզբին ՀՀ ֆինանսների նախարարությունը փաստաբանների հետ քննարկմանը նշել էր, որ կա անվճար ծառայություններ մատուցելու տարբերակ, որը հնարավոր է ինչպես Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, այնպես էլ ստեղծել ՀԿ ու այդպիսով անվճար ծառայություն մատուցել։ Փաստաբանները մերժել էին այս առաջարկը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխությանը։