
Նվազող ծնելիություն, ավելացող մահացություն․ քաղաքացիների պատասխանն «Ապագա կա»-ին

«Ապագա կա»-ի կեղծ լոզունգներով վերարտադրված ՔՊ-ական վարչախումբն իր ապիկար քաղաքականությամբ՝ դատարկում է երկիրը։ Արտագաղթը՝ մի կողմից, բնակչության բնական վերարտադրության կրճատումը՝ մյուս կողմից։ Ի հեճուկս իշխանությունների անհիմն լավատեսության՝ մարդիկ Հայաստանում ապագա չեն տեսնում, ու դրա վառ արտահայտություններից մեկն էլ վերջին տարիներին գրանցվող ծնելիության կրճատումն է։
Մի կարճ ժամանակ, երբ ծնելիությունն աճել էր, Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, դրա վրա քաղաքական շահարկումներ էր անում։ Հայտարարում էր, թե սա ապագայի վերաբերյալ քաղաքացիների ուղերձն է կառավարության քաղաքականությանը։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ծնելիությունը Հայաստանում նվազեց, այժմ էլ շարունակում է նվազել, բայց Նիկոլ Փաշինյանն այլևս չի ասում, թե դրանով ինչ ուղերձ են հղում քաղաքացիները կառավարության քաղաքականությանը։ Իսկ քաղաքացիների ուղերձն այն էր, որ չեն վստահում կառավարության ու իշխանությունների քաղաքականությանը։
Վերջին տարիներին բոլոր առումներով բնակչության վերարտադրության ցուցանիշները Հայաստանում սարսափելի վատացել են։ Մի կողմից՝ ծնելիությունն է նվազում, մյուս կողմից՝ մահացություններն են ավելացել։
Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում ծնունդները կրճատվում են։ 2023թ. ավելի քիչ երեխա էր ծնվել, քան 2022թ.։ 2024թ. ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2023թ.։ Միայն անցած տարի ծնունդները կրճատվել են 8 տոկոսով՝ 2942-ով պակաս երեխա է ծնվել, քան ծնվել էր 2023թ.։ 2023թ. ծնվել էր 36.590 երեխա, 2024թ. ծնվել է 33.648 երեխա։
Այս տարվա սկզբին էլ ծնելիության կրճատումը շարունակվում է։ Հունվարին Հայաստանում ավելի քիչ երեխա է ծնվել, քան ծնվել էր 2024թ. հունվարին, 2023թ. հունվարին, 2022թ. հունվարին, 2021թ. հունվարին։ Այս տարվա հունվարին ծնվել է 2733 երեխա, 2024թ. հունվարին ծնվել էր 2871 երեխա, 2023թ. հունվարին ծնվել էր 3229 երեխա, 2022թ. հունվարին ծնվել էր 2868 երեխա, 2021թ. հունվարին ծնվել էր 2853 երեխան։ Այս տարի ծնվածները 138-ով պակաս են 2024թ. ծնվածներից, 496-ով պակաս են 2023թ. ծնվածներից, 135-ով պակաս են 2022թ. ծնվածներից, 120-ով պակաս են 2021թ. ծնվածներից։
Այս թվերը ցույց են տալիս, որ իշխանությունների «Ապագա կա»–ի քաղաքականությունը տապալվել է։ Քաղաքացիները հավատ չունեն այդ քաղաքականության նկատմամբ, այստեղ չեն տեսնում իրենց ու իրենց երեխաների ապագան։ Ովքեր կարողանում են հեռանալ, հեռանում են՝ խթանելով արտագաղթը, ովքեր էլ չեն հեռանում՝ խուսափում են իրենց ապագան կապել Հայաստանի հետ, դրա համար էլ չեն շտապում երեխա ունենալ։
Սա է քաղաքացիների ուղերձն իշխանություններին, բայց իշխանություններն այն լսելու մտադրություն չունեն։ Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այժմ փորձում են կեղծ օրակարգերով ու գաղափարներով մոլորեցնել մարդկանց՝ կառչած մնալով իշխանական աթոռներին։
Ծնունդների կրճատումը լուրջ ահազանգ է ցանկացած իշխանության համար, ու դա առաջին հերթին այդ իշխանության իրականացրած քաղաքականության հետևանքն է։ Անվտանգության միջավայրի բացակայությունը դրա կարևոր պատճառներից մեկն է։ Բայց պատճառները միայն դրանով չեն պայմանավորված՝ կան սոցիալական, կենցաղային, բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնք ուղղակի ազդեցություն են թողնում ծնելիության և ոչ միայն՝ ծնելիության վրա։ Կրճատվում են նաև ամուսնություններն ու ավելանում են ամուսնալուծությունները։
Անցած տարի Հայաստանում ավելի քան հազարով պակաս ամուսնություն է գրանցվել։
2023թ. գրանցվել էր՝ 16.330, 2024թ.՝ 15.324 ամուսնություն։
Այս տարվա սկզբին էլ են ամուսնությունները կրճատվել, ընդ որում՝ բավական բարձր տեմպով։ Նախորդ տարվա համեմատ՝ հունվարին 245-ով պակաս ամուսնություն է գրանցվել, որն ուղեկցվել է ամուսնալուծությունների ավելացմամբ։ Անցած տարի էլ ամուսնալուծություններն ավելացել էին, ու դա շարունակվում է նաև այս տարի։
Ցավոք, Հայաստանում ոչ միայն ծնելիությունն է կրճատվում, ամուսնություններն են կրճատվում, ամուսնալուծություններն են ավելանում, այլև մահացությունն է աճում։
Պաշտոնական տվյալներով՝ 2024թ. Հայաստանում 1263-ով ավելի շատ մարդ է մահացել, քան նախորդ տարում։
Այս տարվա հունվարին էլ մահացությունն 197-ով է գերազանցել 2024թ. ցուցանիշը։
Այսպիսի դրսևորումների հետևանքով է, որ բնակչության բնական հավելաճի պատկերը գնալով վատանում է։
Անցած տարի այն հազիվ 8100 կարգի է եղել։ Մեկ տարում բնակչության բնական հավելաճի տեմպն ավելի քան 34 տոկոսով կրճատվել է։
Կրճատումը կտրուկ խորացել է այս տարվա սկզբին՝ հասնելով 76 տոկոսի։ Բնակչության բնական հավելաճը հունվարին կազմել է ընդամենը 106 մարդ՝ ծնվել է 2733, մահացել է 2627 մարդ։ Սա հավելաճի սարսափելի վատ ու անգամ վերջին տարիների համար չտեսնված ցածր ցուցանիշ է։
Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա հունվարին բնական հավելաճը կազմել է 441 քաղաքացի։ Այս տարի հավելաճը 4 անգամով պակասել է։
Նման տեմպերով գնալու պարագայում, դժվար չէ պատկերացնել, թե կարճ ժամանակ հետո ինչպիսի իրավիճակի կարող է բախվել երկիրը։ Հատկապես, երբ այդ իրավիճակն ուղեկցվում է բնակչության արտագաղթով։
Վերջին միայն չորս տարիներին Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 153.000 քաղաքացի։ Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում բնակչության բնական հավելաճը կազմել է ընդամենը 32-33.000՝ գրեթե 5 անգամով պակաս, քան գնացած-չվերադարձածներն են եղել։
Սա աղետալի վիճակագրություն է, ինչը ցույց է տալիս քաղաքացիների վերաբերմունքն իշխանությունների «Ապագա կա»-ի խոստումների նկատմամբ։ Բայց դա էլ ՔՊ-ական վարչախմբին հետ չի պահում իր այն կործանարար քաղաքականությունից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ