Ադրբեջանի ապատեղեկատվության տարածումը գոնե այս պահին չունի սադրանքի նպատակ․ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը: Ընդ որում, տարածում են այնպիսի ինտենսիվությամբ, որ մինչ, օրինակ՝ արձանագրում ես, թե քանի անգամ են հաղորդագրություն տարածել երկու օրվա ընթացքում, արդեն հայտնվում է նոր հաղորդագրություն:

Այս պահի դրությամբ, օրինակ, երկու օրվա ընթացքում արդեն տարածել են յոթ այդպիսի հաղորդագրություն: Հայկական կողմը ամեն հաղորդագրությունից հետո տարածել է հերքում, ու նաեւ եղել է վարչապետի աշխատակազմի հայտարարություն: Հայտարարության մեջ հիշեցնում են 2024 թվականի հունիսից արված առաջարկը՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ:

Ադրբեջանը, բնականաբար, չի արձագանքել դրան, եւ, իհարկե, չի էլ արձագանքի: Ադրբեջանի համար հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվական «գործիքը» խաղաքարտերից մեկն է, որից, իհարկե, Բաքուն չի հրաժարվի:

Մեզանում այդ գործիքի կիրառումը ընկալվում է որպես սադրանքի նախապատրաստում: Այսինքն՝ Բաքուն մտադիր է դիմել սադրանքի, բայց դրանից առաջ ստեղծում է տեղեկատվական «պատկեր», թե իբր հայկական կողմն է լարողը:

Իհարկե, դա կա: Բայց, չեմ կարծում, թե դա է այդ խաղաքարտի միակ նշանակությունն ու կիրառման մոտիվը:

Տեղեկատվական այդ գործիքը Բաքվի համար ունի բազմիմաստ նշանակություն, բազմաֆունկցիոնալ է: Ընդհանուր առմամբ, այն տեղավորվում է ուժի վրա հիմնված քաղաքականության մեթոդաբանության շրջանակում, որ կիրառում է Ադրբեջանը:

Ընդ որում, բոլորովին բացառելի չէ եւ այն, որ Ադրբեջանն այդ գործիքի կիրառում կարող է անել նաեւ, այսպես ասած, պաշտպանական նպատակով կամ նկատառումով: Իհարկե, խոսքը Հայաստանից պաշտպանվելու մասին չէ, որովհետեւ Հայաստանն Ադրբեջանին չի սպառնում որեւէ կերպ, այլ հակառակը՝ Բաքուն է սպառնում Հայաստանին:

Խոսքը միջազգային հարաբերություններում իր համար ռիսկերից պաշտպանվելու մասին է: Ադրբեջանն այդուհանդերձ ունի ռիսկեր, որոնց այսօր ավելացել է, իհարկե, նաեւ ԱՄՆ-ԵՄ, եւ Վաշինգտոն-Լոնդոն դիմակայությունը:

Հարց կառաջանա, թե ինչ կապ ունի այդտեղ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների գործիքը: Կարծում եմ՝ բացառել պետք չէ, որ Ադրբեջանն այդպիսով «սրելով» ուշադրությունը, կարող է փորձել, այսպես ասած, թուլացնել իր հանդեպ կուլիսային ակնկալիքների բեռն ու ճնշումը, որոնք մեծ հավանականությամբ առկա են Լոնդոնում:

Առաջին հայացքից ստացվում է Ադրբեջանի «արդարացում»: Այսինքն, կարող է ստեղծվել տպավորություն, որ «խեղճ Ադրբեջանը» փորձում է հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությամբ թուլացնել Լոնդոնի ճնշումը:

Իրականում, խոսքը «խեղճ Ադրբեջանի» մասին չէ: Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ագրեսիվ, ռազմատենչ ու առավելապաշտ է, ու դա իր համար ռազմավարություն է: Բայց, Բաքուն նաեւ խելագար չէ: Ուժի կիրառման հարցում այնտեղ թերեւս բավականին բծախնդիր են ժամանակի, պահի, միջավայրի ընտրության առումով:

Հնարավոր է, որ այժմ շոշափում են հողը, ստուգում արձագանքները եւ այլն: Բայց երկու օրվա ընթացքում արդեն յոթ անգամ հայտնելով իբրեւ թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին, Ադրբեջանը կարծես թե բովանդակային առումով չի տվել «դինամիկա»:

Դա թույլ է տալիս եզրակացնել, որ ապատեղեկատվության տարածումը այդուհանդերձ գոնե այս պահին չունի սադրանքի կայացված որոշման սպասարկման նպատակ:

Սա, անշուշտ, բացարձակապես չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը: Ավելին, պետք է գործել վատթար նպատակի կանխավարկածով, ինչպես ասում են՝ միշտ լինել պատրաաստ վատթարին: Բայց, համենայն դեպս դիտարկման մակարդակում, կարծում եմ, որ ապատեղեկատվության մեջ բովանդակային դինամիկայի բացակայությունը վկայում է առնվազն այս պահին սադրանքի որոշման և նախապատրաստվածության բացակայության մասին: Իհարկե, պետք է հետեւել բովանդակային դինամիկային»:

Տեսանյութեր

Լրահոս