Բաժիններ՝

ԵՄ-ն դիտարկում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հարցը

Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Կարո՞ղ ենք ֆինանսավորել և լրացնել ԱՄՆ-ի՝ ռադիոկայանի ֆինանսավորման կորստի բացը: Այս հարցի պատասխանը ավտոմատ չէ, քանի որ շատ կազմակերպություններ նույն խնդրով են մեզ դիմում: Բայց նախարարները պնդում էին, որ մենք քննարկենք դա և ելք գտնենք»,- նշել է նա:

Կալասը «Ազատություն» ռադիոկայանն անվանել է ժողովրդավարության փարոս և ափսոսանք հայտնել ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին գործադիր հրաման է ստորագրել՝ էականորեն կրճատելու ԱՄՆ կառավարության գլոբալ լրատվամիջոցների գործակալության գործունեության շրջանակը։ Գործակալությունը վերահսկում են «Ազատություն» և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանները։

Շուտով լուրեր են տարածվել գործակալության նամակի վերաբերյալ, որում նշվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի դադարեցման մասին, որը ֆինանսավորում էր «Ազատություն» ռադիոկայանը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսի առաջնորդներին պաշտպանել գործակալությունը Թրամփի հրամանից։

Փետրվարին Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը, ԱՄՆ կառավարությանը կոչ  է արել դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ֆինանսավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս