Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է Թրամփի աշխատակազմի՝ գերիների ազատ արձակման հարցով դիրքորոշման վրա

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ ախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու, գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրելով Սպիտակ տան դիրքորոշման վրա։

Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։

«Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբանը։

Իր հաջորդ գրառմամբ նա X-ում հատուկ հղմամբ նշել է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին։

Կարդացեք նաև

Նա մասնավորապես գրել է․ «Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց ՆԱԵՎ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։
Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

Հիշեցնենք, որ X-ի իր էջում նախօրեին ԱՄՆ ԱԱ հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը գրել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։

Նա տեղեկացրել էր, որ այս շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, մինչև դա իրականություն չդառնա»,- գրել էր Ուոլթսը։

Տեսանյութեր

Լրահոս