
«Ռուսաստանը հասկացել ու Հայաստանին նայում է՝ ոչ որպես նիկոլական պետության, այլ մի երկրի, որին քաղաքակրթական ձևով կապված է». Գագիկ Հարությունյան

Փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհաջող հանդիպումից հետո, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինային օգնությունը վերականգնելու հարցը, եթե խաղաղ բանակցություններ և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն։
Թրամփը երկուշաբթի օրը դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչը նրա վերջին քայլն է՝ ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի հաշտարար դիրքորոշման փոխելու ուղղությամբ:
Նախորդ երեքշաբթի Թրամփը հայտնել էր, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց, որում նա պատրաստակամություն է հայտնել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, այն, ինչը կապված է Թրամփի ու Ուկրաինայի հետ՝ փոփոխական է, ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է, և դժվար է ասել՝ Միացյալ Նահանգները կվերականգնի՞ Ուկրաինային տրամադրվող օգնությունը, թե՞ ոչ։
«Իհարկե, կան որոշակի օրինաչափություններ, որոնք ակնհայտ են։ Հասկանալի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել ինքնուրույն պետություն։ Գուցե ասածս շատերի համար տարօրինակ թվա, բայց մինչև այսօր անգլոսաքսոնյան աշխարհը, որը մեծամասնություն է՝ ղեկավարվում էր բրիտանական կայսրության կողմից։ Այսինքն՝ համարվում էր, որ եթե Ամերիկան ունի մեծ նավատորմ, այն հետևում է այն փոքր նավակին, որտեղ նստած են բրիտանացիները։
Այս պահին Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների միջև հակասությունները հասել են իրենց բարձրագույն կետին։ Եթե այսօր Բրիտանիան դեմ է Ռուսաստան-Ուկրաինա խաղաղությանը, Միացյալ Նահանգները կողմ է դրան, քանի որ Թրամփը ճիշտ բան է ասում, որ այդ ամենը կապված է միջուկային պատերազմի հետ։ Եվ բանը կարող է հասնել համաշխարհային ողբերգության»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան սպասվող հնարավոր զարգացումներից։
Ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի ծրագրերը մշտապես փոխվում են, դրան զուգահեռ՝ կա Ռուսաստան, որը հայտարարում է, որ ազատագրում է իր հողերը, բնակչությանը։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է իրավիճակը, գիտակցում է, որ իրադրությունը փոփոխական է։ Թրամփի գալուց հետո ՌԴ-ն Ուկրաինայում ավելի առաջ է գնում, լավ է հասկանում այս պահի իր շահը»,- հավելեց քաղաքագետը։
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղությունը մեծ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա, քանի որ ՌԴ-ն Ուկրաինայից հետո ուշադրությունը կսևեռի դեպի Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Հայաստան։
«Մենք կարող ենք սիրել ռուսներին, կարող ենք չսիրել ու ատել, բայց մեր պատմության վերջին 200 տարիները ցույց են տալիս, որ ամենաբարձր նիշին հասել ենք Խորհրդային Հայաստանում, որն առաջին տեղում էր կրթության, գիտության, արդյունաբերության հարցերում։
Ռուսաստանը հասկացել է ու Հայաստանին նայում է՝ ոչ որպես նիկոլական պետության, այլ մի երկրի, որին քաղաքակրթական ձևով կապված է։ Հուսանք, փափուկ ուժը կտա իր արդյունքն այստեղ»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։